Տավուշի մարզպետն այցելել է սահմանամերձ համայնքների մի քանի դպրոցներ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է սահմանամերձ համայնքների մի քանի դպրոցներ: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից: Մովսես, Այգեպար, Չինարի համայնքների դպրոցները վերանորոգվել են:
«Քայլ առ քայլ մենք պետք է դպրոցները բերենք բովանդակային և էսթետիկ առումով որոշակի մակարդակի, ինչը կնպաստի մեր կողմից թիվ մեկ առաջնայնություն համարվող կրթության ոլորտում որակական, էական փոփոխություններ իրականացնելուն»,- ասել է մարզպետ Չոբանյանը:
Տավուշի մարզպետը Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է դպրոցներ և ծանոթացել արդեն ավարտված աշխատանքների հետ։
Մեկ տարի առաջ մեկնարկել էին Այգեպարի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները: Այսօր արդեն մարզպետը գնահատել է արդյունքները։
«Անցած տարի առանձնացրել էինք երկու ուղղություն՝ առաջինը՝ դպրոցներում ջրի և սանհանգույցի առկայությունը, երկրորդը՝ ջեռուցման առկայությունը։ Այդ խնդիրներըը մենք լիարժեք լուծել են»,- ասել է Չոբանյանը։
Չինարի և Մովսես համայնքների միջնակարգ դպրոցներում մարզպետը ծանոթացել է կատարված բարեկարգման աշխատանքների հետ։
«Չինարիի դպրոցն ամբողջությամբ լուծել է իր սանիտարական խնդիրները, որի մեջ մտնում է նաև ջեռուցումը, ըստ էության՝ դպրոցն առաջին անգամ կենտրոնացված ջեռուցում ունի։ Վերանորգվել են նաև դասարաններ, առանձին սենյակներ, գրադարանը և սանհանգույցները»,- նշել է մարզպետը։