հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տավուշի մարզի դպրոցների տնօրենները ներկայացրել են հանրակրթության նոր չափորոշչի ներդրման փորձը. ԿԳՄՍՆ

Տավուշի մարզի դպրոցների տնօրենները ներկայացրել են հանրակրթության նոր չափորոշչի ներդրման փորձը. ԿԳՄՍՆ

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են հանրապետության մենթոր-ավագ դպրոցների և Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների տնօրեններ և տեղակալներ, մեթոդմիավորումների նախագահներ և ուսուցիչներ:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել չափորոշիչների ներդրման փորձը, առարկայական նոր չափորոշիչներով և ծրագրերով աշխատելու առանձնահատկությունները, ինչպես նաև սովորողների կարողունակությունների զարգացմանը նպաստող ուսումնական միջավայրի և նյութատեխնիկական բազայի ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր:

Տավուշի մարզի ուսհաստատությունների տնօրենները ներկայացրել են նոր չափորոշչի փորձարկման նախնական փուլում իրենց մտավախությունները և  գործընթացով պայմանավորված որոշ դժվարություններ։ Նրանց խոսքով՝  Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի իրականացրած վերապատրաստումները, մշտադիտարկումները, ուսումնական և մեթոդական աջակցությունն ու խորհրդատվությունը, ինչպես նաև իրենց գործադրած ջանքերն օգնել են հաղթահարել հիմնական խնդիրները: Այդ համատեքստում հատկապես կարևորվել են ԿԶՆԱԿ-ի մշակած նյութերի և գործիքների կիրառությունն ու հասանելիությունը։

Թեղուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Արգամ Թամրազյանը խոսել է նախագծային աշխատանքների մասին՝ օրինակ բերելով դպրոցամերձ տարածքում գործող ջերմոցը: Նա նաև նշել է, որ դպրոցի սովորողներն ակտիվ միջառարկայական նախագծերի են մասնակցում, որոնցում արտացոլվում են համայնքի խնդիրները, դիտարկվում օրինաչափությունները, կատարվում հետազոտություններ  և համեմատություններ։

Նոյեմբերյանի ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Բուդաղյանը ներկայացրել է ուսումնական պլանի կազմման գործնական հմտությունները, առարկայացանկի ձևավորման և ժամաքանակների բաշխման սկզբունքները։

Լճկաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Մխիթար Առաքելյանը և նույն դպրոցի ուսուցիչ Լուսինե Բեջանյանը նշել են, որ չափորոշիչների փորձարկման սկզբնական շրջանում գնահատման նոր մոդելը որոշ մտահոգությունների տեղիք է տվել՝ հատկապես անբավարար գնահատականի բացակայության առումով, սակայն հետագայում համոզվել են, որ այն շատ կարևոր և անհրաժեշտ դրական փոփոխություն է։

Սևքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Թանանյանը ներկայացրել է ներդպրոցական վերահսկողության կարևորությունը և դրա նշանակությունը չափորոշչի ներդրման գործընթացում։ 

ԿԶՆԱԿ-ի տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը խոսել է չափորոշիչների փորձարկման ընթացքում ի հայտ եկած  դժվարությունների, դրանց հաղթահարման և ծրագրերի լրամշակման մասին։ Անդրադարձ է եղել մեթոդական նյութերի ստեղծման և դպրոցներին ցուցաբերված  աջակցության աշխատանքներին։

Հանդիպման ավարտին ԿԶՆԱԿ-ի տնօրենի տեղակալը պատասխանել է ներկաներին հուզող մի շարք հարցերի։

  • Կիսվել: