ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տավուշի բոլոր դպրոցները կունենան անհրաժեշտ լաբորատոր ենթակառուցվածքներ

Տավուշի բոլոր դպրոցները կունենան անհրաժեշտ լաբորատոր ենթակառուցվածքներ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագիր. դրամաշնորհ թիվ TF0B2692» դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխության ստորագրման առաջարկու­թյանը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ հանրակրթության պետական նոր չափորոշչում առանձնահատուկ շեշտադրում ունի ԲՏՃՄ առարկաների կրթության որակի բարձրացումը, որի շրջանակում ներկայում Տավուշի մարզի դպրոցներում փորձարկվում են վերանայված առարկայական չափորոշիչները: Փոխնախարարը կարևորել է, որ բոլոր դպրոցներն ապահովված լինեն նաև անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով և գույքով, որը թույլ կտա այդ առարկաների ուսուցումը դարձնել իրապես փորձարարական:

«Տավուշի մարզի դպրոցներին լաբորատոր սարքավորումների, պարագաների և նյութերով տրամադրման գործընթացի ամբողջական ապահովման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման գումարը կազմում է 1,4 մլն եվրո: Նշված գումարն ավելանում է «ԵՄ-ն հանուն նորարարության. գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի (ԳՏՃՄ) ոլորտներում կրթության բարելավում» դրամաշնորհային փորձնական ծրագրի դրամաշնորհային 2,6 մլն սկզբնական գումարին՝ ծրագրի ընդհանուր գումարը դառնալով 4,1 մլն եվրո»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այդ գումարն ամբողջությամբ ծածկում է Տավուշի բոլոր դպրոցների համար անհրաժեշտ լաբորատոր ենթակառուցվածքները՝ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և ՏՀՏ առարկաների համար:

Ժաննա Անդրեասյանի հավաստմամբ՝ ներկայում բոլոր աշխատանքներն ընթանում են մյուս մարզերում ևս՝ դրանք ապահովելու համար: Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ հանրապետության բոլոր ավագ դպրոցներում գործում են շուրջ 330 լաբորատորիաներ, որոնք ակտիվորեն օգտագործվում են: Նա նաև փաստել է, որ լաբորատորիաները պահանջում են պահպանման ծախսեր, որը պլանավորվում է դպրոցների ֆինանսավորման բանաձևում:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ «Թումոյի» հետ համագործակցությամբ մշակվել է վիրտուալ լաբորատոր միջավայր, որը կփորձարկվի, և մաթեմատիկայի ուղղությամբ ևս ակնկալվում է ունենալ էական արդյունքներ, այդ թվում նաև՝ նախագծային աշխատանքի միջոցով ու փոխկապակցման մեթոդով դպրոցներում գործող ինժեներական լոբորատորիաների հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրակրթության նոր չափորոշչում խնդիր է դրված՝ բնագիտական առարկաների ուսուցումը դարձնել փորձարարական:

«Այս խնդիրն առկա է մեր ողջ կրթական համակարգում. երեխաները պետք է առնչվեն նյութի և թեմայի հետ ու լաբորատոր պայմաններում ուսումնառություն և փորձեր իրականացնելու հնարավորություն ունենան: Վերջերս իմ այցելած մի քանի դպրոցներում գործող լաբորատորիաներն իսկապես տպավորիչ էին և բոլորովին նոր կրթական միջավայր էին ձևավորել, սակայն կարևոր է նաև լաբորատոր նյութերի և դրանց շարունակականության ապահովման հարցը»,- նշել է ՀՀ վարչապետը՝ վերահաստատելով, որ մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում կստեղծվեն ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը:

Հավելենք, որ դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխության համաձայնագրի նախագիծը ՀՀ պետական բյուջեի համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում: Քանի որ «ԵՄ-ն հանուն նորարարության. ԳՏՃՄ ոլորտներում կրթության բարելավում» դրամաշնորհային փորձնական ծրագիրը հանդիսանում է 2018 թվականի նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 14-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» ծրագրի մաս (երկրորդ բաղադրիչի ենթաբաղադրիչ), ուստի նշված ավելացումը հանդիսանում է վերաբաշխում ընդհանուր ծրագրի շրջանակում։

 

  • Կիսվել: