հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Թաթոյանի հանդեպ վերաբերմունքս միշտ լավ էր, անսպասելի էր ընտրության մասով իր խոսքը. Քոչարյան

Թաթոյանի հանդեպ վերաբերմունքս միշտ լավ էր, անսպասելի էր ընտրության մասով իր խոսքը. Քոչարյան

Ես արդեն մեծ իմունիտետ ունեմ նման նման կարգի հայտարարությունների նկատմամբ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6–ին, իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ Արման Թաթոյանը հայտարարել է, որ եթե  նախկին նախագահները մասնակցեն ընտրություններին, դրանով կօգնեն Նիկոլ Փաշինյանին վերարտադրվել։

«Ինչ է  նշանակում, երբ կուսակցության ղեկավարը հայտարարում է, որ ինքը չի մասնակցելու ընտրությունների։ Եթե իր կուսակցությունը մասնակցում է, ուրեմն ինքն էլ է մասնակցում։ Այն, ինչ ասում է Արման Թաթոյանը, նշանակում է, որ ոչ ՀԱԿ-ը պիտի մասնակցի, որովհետև ՀԱԿ-ի առաջնորդը Տեր–Պետրոսյան է, ոչ Հանրապետականը պիտի մասնակցի, սա աբսուրդ է։ Եթե կուսակցության ղեկավարը անձամբ ինքը ցուցակ չի մտնում, բայց կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, ուրեմն այդ մարդիկ փաստացի, այո, մասնակցում են ընտրություններին։ Ուղղակի ես ավելի բացահայտ էի մասնակցել։ Վերջնական որոշումը չունենք ֆորմատների, բայց մեծ հավանականությամբ ես կմասնակցեմ։

Հիմա ի՞նչ է ուզում Արման Թաթոյանը։ Ես չգիտեմ։ Ես միշտ փորձում եմ ռացիոնալ բան գտնել իր ասածում։ Կա մի խոսույթ նախկինների ու ներկաների, որը հիմնական զենքերից մեկն էր Նիկոլ Փաշինյանի մոտ 2018 թվականից։ Դա հասարակությունը բաժանելու, իրար թշնամացնելու գործիքակազմ էր։ Ակնհայտ է նաև, որ այս գործիքը այսօր շատ ավելի թույլ է։ Ամենից մեծ բացասական վարկանիշը այսօր բոլոր հարցումներով ունի հենց Նիկոլ Փաշինյանը, որը չվերականգնվող վարկանիշ է։ Հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակով են այդ խոսույթը բերվում քննարկման օրակարգ, երբ որ վերջին մոտ երկու տարվա ընթացքում ինքը՝ ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը սա մեծ էնտուզիազմով չի անում, ավելի շատ իներցիայով են այս թեման քննարկում։ Ես այդ եռանդը չեմ տեսնում, որովհետև եռանդը դրել են ուրիշ թեմաների մեջ, հասկանալով, որ սա այն ազդեցությունը այլևս չունի։

Կարծում եմ, այստեղ մոտիվացիան և որ շատ պարզ է, մարդկանց թվում է, թե դրանով իրենք կարող են մեր ձայներից ինչ-որ մի մասը վերցնել։ Լավ, ասենք 2 տոկոս տարար, հետո՞։ Գուցե մտածում է մի աղմկոտ հայտարարություն անի, այդ հայտարարության հետևանքով նաև իր վրա հարձակվեն, դրանով ուշադրությունն իր վրա սևեռի, ինքն ավելի ճանաչելի դառնա։

Բայց ես այստեղ ևս չեմ տեսնում, ողջամտություն, որովհետև չեմ հասկանում և չեմ տեսնում, որ սա ինչ-որ լավ բան է բերելու։ Իր նկատմամբ իմ վերաբերմունքը միշտ լավ էր, ինձ համար լրիվ անսպասելի էր այս թեմայի քննարկումը իր կողմից։ Վերջին մի քանի տարվա ընթացքում ընդհանրապես իր ձայնը չենք էլ լսել և հանկարծ հայտնվում է այս խոսույթով։

Ինձ մոտ իհարկե ևս կասկածներ են առաջանում, թե արդյո՞ք նպատակը ազնիվ է, որովհետև այն հիմնավորումները, որը ինքը փորձում է բերել, չեն աշխատում։ Դա դեստրուկտիվ ճանապարհ է»,– հայտարարեց երկրորդ նախագհահը։

Նրա խոսքով, բոլոր ընդդիմադիրների ընդհանուր այսպես ձայների հանրագումարը պետք է ավելի մեծ լինի, քան ՔՊ-ինը. «Եթե արդյունքում մեր ձայները, կոպիտ ասած, այս գրպանից տեղափոխվեն մյուս գրպան, բան չի փոխվելու։ Ի՞նչ ենք շահում, ո՞վ է ինչ շահում։ Եթե խնդիրը նա է, որ մեր ձայների հաշվին հայտնվես Ազգային ժողովում, ասենք հայտնեցիր, բայց դու դրանով լրացուցիչ ներդրում չես բերում իշխանափոխության համար»,– ընդգծեց նա։

  • Կիսվել: