ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
«Տատիկս մասնակցել է Վանի ինքնապաշտպանությանը, նրան թաղել են Սուրբ Գայանե եկեղեցու բակում». Վաղարշապատի բնակչուհի

«Տատիկս մասնակցել է Վանի ինքնապաշտպանությանը, նրան թաղել են Սուրբ Գայանե եկեղեցու բակում». Վաղարշապատի բնակչուհի

Վաղարշապատի (Էջմիածին) բնակչուհի Սիլվա Հարությունյանը յուրաքանչյուր ապրիլի 24-ին այցելում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Նախկինում ամուսնու, երեխաների, իսկ այսօր արդեն թոռների հետ։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա պատմել է, որ Վաղարշապատի իրենց փողոցում բնակվում են հիմնականում Արևմտյան Հայաստանից եկածները։ Նրանք բոլորը 1915 թվականի Ցեղասպանությունը վերապրածների սերունդներն են։ Սիլվա Հարությունյանի տատիկը մասնակցել է Վան քաղաքի ինքնապաշտպանությանը, իսկ ողբերգական իրադարձություններից հետո հինգ տարեկան որդու հետ տեղափոխվել է Հայաստան։

Սիլվա Հարությունյանը հպարտությամբ է պատմում իր տատիկի մասին, որն արժանացել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու բակում թաղվելու պատվին։ «Երբ Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսին խեղդամահ արեցին իր նստավայրում (1938թ. ապրիլի 5-6-ը – խմբ.), տատիկս՝ վանեցի այլ կանանց հետ միասին, կազմակերպեց նրա հուղարկավորությունը Սուրբ Գայանե եկեղեցու բակում։ Այդ պատճառով [հաջորդ] կաթողիկոսը թույլ տվեց, որ տատիկիս նույնպես Սուրբ Գայանեի բակում թաղեն»,- ասում է նա։

Կինը հիշում է՝ ջարդերի մասին բազում պատմություններ է լսել մանկության տարիներին իր հարազատներից ու հարևաններից։ Այդ նույն պատմություններն այժմ նա պատմում է իր թոռներին։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր նա բարձրանում է ամեն տարի՝ սկսած հուշահամալիրի հիմնադրման տարվանից։

  • Կիսվել: