Տաթևիկ Ռևազյանն՝ իր և Հակոբ Ճաղարյանի տարաձայնությունների մասին
«Ես որևէ մեկի հետ որևէ անձնական խնդիր չունեմ, բաց եմ համագործակցելու բոլորի հետ»,- այս մասին ասաց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ այսօր ուղիղ տեսակապով պատասխանելով հարցին, թե ինչ հարաբերություններ է ունեցել ՀՀ վարչապետի ավիացիայի հարցով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ։
Նրա խոսքով՝ տարաձայնությունները եղել են միայն գործնական:
«Եթե նկատել եք, ես որևէ ինտրիգի մեջ չեմ մտել, կենտրոնացել եմ աշխատանքի վրա և այդպես շարունակելու եմ, սակայն ճիշտ կլինի պարոն Ճաղարյանի հետ կապված մի քանի օրինակ նշել: Խնդիրներից մեկն, օրինակ, կապ ուներ հայեցակարգի հետ: Ինչպես պարոն Ճաղարյանը նշել է իր հարցազրույցներից մեկի ժամանակ, մեզ հանձնարարական էր եկել, որ պետք է համատեղ հայեցակարգ մշակեինք ՀՀ-ի համար, սակայն պարոն Ճաղարյանի կողմից արդեն իսկ մշակված էր հայեցակարգ, որն իր համար վերջնական տարբերակն էր: Երբ մենք ասում էինք՝ եկեք համատեղ անենք, ինքը մերժում էր, ասում էր՝ կամ իր ձևաչափով ենք աշխատում, կամ չենք աշխատում։ Դա ինձ համար անընդունելի է։ Երկրի հայեցակարգը շատ կարևոր փաստաթուղթ է, որը բերելու է նրան, որ ռազմավարություն է գրվելու պետության համար։ Եվ այստեղ շատ կարևոր են բոլորի կարծիքներն ու թիմային աշխատանքը»,- ընդգծեց Տաթևիկ Ռևազյանը։
Հակոբ Ճաղարյանի հետ ունեցած երկրորդ խնդիրն, ըստ Քաղացիական ավիացիայի կոմիտեի նախագահի, Ճաղարյանի առաջարկած երեք անձի աշխատանքներում չներգրավելն է եղել։
Հակոբ Ճաղարյանն ասել է, որ երեք մասնագետ է առաջարկել իրենց, որ իրենք կարողանան պատրաստվել այդ այցին:
«Իրականում մենք կապի մեջ ենք եղել, ես ասել եմ, որ ուրախ ենք, ներկայացրեք, թե ինչ մասնագետների մասին է խոսքը, ես տեղյակ եմ, բոլորի ռեզյումեն տեսել եմ, բայց վերջին պահին որոշեցինք չներգրավել այդ երեք անձանց: Այդ որոշումը պարզ էր, մենք ունեինք երկու տարբերակ։ Մի տարբերակը այն էր, որ երեք մասնագետ 7 օրով գալու էին Հայաստան, տպելու էին փաստաթղթեր, 30 հազար դոլար էինք վճարելու, և իրականում ոչ մի կոնկրետ հարց չէինք լուծելու: Իրականում թիմը, որ եկավ Հայաստան, ասաց՝ ինչ լավ է, որ դուք փաստաթղթեր չեք տպել, քանի որ մենք դա շատ արագ կհասկանայինք և կնկատեինք, որովհետև հիմնական խնդիրն այնքան փստաթղթերում չէ, որքան այն, որ մեր մասնագետները չեն կարողացել փաստաթղթերը պատշաճ բացատրել:
Միաժամանակ, այդ մասնագետները, որոնց առաջարկել էր պարոն Ճաղարյանը, իրենք քաղավիացիայի փորձ չունեին։ Իրենք հիմնականում ավիաընկերություններում են աշխատել, ավիաընկերություններին են աջակցել՝ վերացնել խնդիրները: Իսկ մենք այլ տարբերակ ունեինք, մի քանի ամսով ներգրավել մասնագետի՝ վճարել մեկ մլն դրամ, որը 20 տարուց ավելի աշխատել է Հոլանդիայի քաղավիացիայում: Հաշվի առնելով մասնագետների փորձը և գումարը, մեր որոշումը շատ պարզ էր»,- նշեց Տաթևիկ Ռևազյանը:



