երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Տարօրինակ բաներ եք ասում. ԲԿ-ներին ասվել է՝ ինչքան ուզում եք, ծառայություն մատուցեք. վեճ՝ Թորոսյանի և Ավանեսյանի միջև (տեսանյութ)

Տարօրինակ բաներ եք ասում. ԲԿ-ներին ասվել է՝ ինչքան ուզում եք, ծառայություն մատուցեք. վեճ՝ Թորոսյանի և Ավանեսյանի միջև (տեսանյութ)

Դուք ասում եք մոտավորապես սա, որ երեխան պետք է առողջ լինի. հա, պետք է լինի, հա, հիվանդանոցները պետք է վճարեն աշխատավարձերը, բայց կառավարությունն է, չէ՞, ասել՝ ունեք բյուջեի չսահմանափակման իրավունք: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ հանձնաժողովում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ դիմելով առողջապահության գործող նախարար Անահիտ Ավանեսյանին:

«Մատուցեք այն ծառայությունները, որի համար ունեք չսահմանափակման իրավունք այնքան, ինչքան կդիմեն: Հիմա ինչքան դիմել են, իրենք էդքան էլ մատուցել են: Այսինքն չպետք է մատուցեի՞ն, պետք է գնային, մտնեին բյուջեի տողերի մեջ, զանգեին իրենց բոլոր ծանոթ հիվանդանոցներին, հասկանային՝ ինչքան է ծախսը բյուջետային էդ տողում, բաժանեին 4 մասի, որ եռամսյակային համամասնություն հասկանային, նոր հերթագրեի՞ն: Իհարկե ոչ: Կամ դա ի սկզբանե պետք է պլանավորվեր:

Հիմա մեղադրել հիվանդանոցներին, որ կուտակել են պարտքեր, կներեք, բայց արդար ու ազնիվ չէ: Կառավարությունն է կուտակել այդ պարտքերը, ոչ թե հիվանդանոցները:

Հիվանդանոցները մատուցել են այն ծառայությունները, որի իրավունքն ունեցել են»,-ասաց նա:

Թորոսյանը շարունակեց. «Երբ քաղաքացին լսում է կառավարության նիստը, երբ վարչապետը ձեզ հարցնում է՝ քաղաքացին հիմա կարողանալո՞ւ է իր ուզած բուժհաստատությունը եւ իրեն չեն ասելո՞ւ փող չկա, ու դրա պատասխանը այո է, սովորական քաղաքացին չի հասկանում, որ դա այն նույն հիվանդանոցն է, որը անցյալ տարի է սպասարկել, բայց ունեցել է բյուջեի սահմանափակում»:

Ի պատասխան Անահիտ Ավանեսյանն ասաց. «Եթե մենք ասում ենք, որ քաղաքացին սահմանափակված չէ, թե որտեղ ստանա բուժօգնությունը, այդ տրամաբանությամբ կարող ենք ընկալել, որ օրինակ, լիցենզիա չունեցող կազմակերպությունում էլ կարող է ստանալ, որովհետեւ իրեն այդպես հարմար է: Բայց այդպես չէ, մենք խոսում ենք ընդհանուր կարգավորումների, ընդհանուր տրամաբանության մասին:

Այո, երբ բժշկական կենտրոնի տարեկան պայմանագրի գումարը դուրս է գալիս, դա չի նշանակում, որ ընդհանուր ծրագրի տարեկան գումարը դուրս է եկել: Մենք երբեք նման կոմունիկացիա չենք իրականացրել:

ԲԿ-ների հետ մենք կապի մեջ ենք, ցանկացած տնտեսվարող պետության հետ առնչվելիս, ենթադրվում է, որ պետք է իմանա այն ընթացակարգերը, որով աշխատում է: Այս տարի որեւէ բան չի փոխվել: Օֆերտան նոր չի ներդրվել: Օֆերտայով իրականացվող ծառայությունների գումարը 2023-ին եղել է մոտ 51 տոկոս: ԲԿ-ները տեղյակ են՝ ինչպես է աշխատում համակարգը: Ֆինանսավորման համամասնությունների մասով բյուջեի կարգավորումները հստակ են, չեն փոխվել, նույնական են նախորդ տարվա հետ»:

ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը հիշեցրեց, որ Արսեն Թորոյսանի ժամանակ եւս ԲԿ-ները գերակատարել են պլանը եւ ֆինանսավորումն ամբողջությամբ չեն ստացել, Թորոսյանն արձագանքեց. «Դա ի՞նչ կապ ունի, իրենց ասվել է՝ ինչքան ուզում եք ծառայություն մատուցեք, մեր ժամանակ նման բան չի ասվել»:

Անահիտ Ավանեսյանը հակադարձեց. «Մենք չենք ասել՝ ինչքան ուզում եք՝ մատուցեք»:

Սա առաջադրեց Թորոսյանի քմծիծաղը. «Դա կառավարության որոշման մեջ է գրված, այ քեզ բան: Այսինքն ԲԿ-ները ֆինասների նախարարության ծախսերի տողին հասանելիություն ունեն, թե որ ծախսով ինչքան է գնացել եւ հիվանդ սպասարկելուց պետք է նայեն՝ այդ տողում փող մնացել է, նոր սպասարկեն, թե ո՞չ»:

  • Կիսվել: