ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Տարածաշրջանում առաջին արհեստական բանականության (AI) գործարանը՝ 500 մլն դոլար արժողությամբ, կառուցվելու է Հրազդանում

Տարածաշրջանում առաջին արհեստական բանականության (AI) գործարանը՝ 500 մլն դոլար արժողությամբ, կառուցվելու է Հրազդանում

Տարածաշրջանում առաջին արհեստական բանականության (AI) գործարանը՝ 500 մլն դոլար արժողությամբ, կառուցվելու է Հրազդանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը։
 
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, համաշխարհային տեխնոլոգիական առաջատար NVIDIA–ի (կապիտալը շուկայում մոտ 4,6 տրիլիոն ԱՄՆ դոլար է), AI ամպային և ենթակառուցվածքային հայտնի Firebird ընկերության և Հայաստանի առաջատար Team ընկերությունների խմբի համագործակցության արդյունքում։
 
Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի Հանրապետության և Հրազդան քաղաքի համար․ մենք դառնում ենք տարածաշրջանային AI կենտրոն, որտեղ կստեղծվի բարձր հզորությամբ գերհամակարգչային ենթակառուցվածք՝ նորարարական նախագծերի, տեխնոլոգիական արտադրության և գիտահետազոտական աշխատանքների համար։
 
Այս ներդրումը ոչ միայն հզորացնելու է Հայաստանի դիրքերը միջազգային տեխնոլոգիական ասպարեզում, այլև էականորեն բարձրացնելու է մեր քաղաքի վարկանիշը, բերելով նոր աշխատատեղեր, զարգացված ենթակառուցվածք և նորարարական միջավայր։
 
AI գործարանի կառուցումը մեր քաղաքի զարգացման հերթական մեծ քայլն է լինելու, և այս մասշտաբային նախագիծը ևս մեկ անգամ փաստում է, որ Հրազդանը շարունակաբար ամրապնդում է իր դիրքերը որպես առաջատար, զարգացող և նորարարական քաղաք՛՛։

  • Կիսվել: