կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Տարան կոտորեցին, կորցրեցին մեր երեխաներին, անգամ իմանալով տեղները՝ չգնացին հետևներից. Անհետ կորածի հարազատ

Տարան կոտորեցին, կորցրեցին մեր երեխաներին, անգամ իմանալով տեղները՝ չգնացին հետևներից. Անհետ կորածի հարազատ

«Մարդիկ խուսափում են մեզնից։ Մենք այնպիսի տվյալներ ունենք, որ մեր տված հարցերին չեն կարող պատասխանել։ Որպեսզի չհայտնվեն վատ վիճակում, խուսափում են»,- լրագրողներին ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը, ով անհետ կորած զինծառայողների ծնողների հետ  ՊՆ դիմաց ակցիա է անում։ 

Հարազատները պահանջել էին հանդիպում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի, Կամո Վարդանյանի հետ, սակայն, ըստ ծնողների, ՊՆ-ից հայտնել են, որ երեք հոգու կընդունի պաշտպանության փոխնախարար Արմեն Սարգսյանը։

Ա. Ղուկասյանը նշեց. «Այն կառույցը, որ մեր երեխաներին  զորակոչել է, տարել է  բանակ, հրաժարվում է  մեր երեխաներից, քաշվել են  մի կողմ։ Տարան կոտորեցին, տարան կորցրեցին, անգամ իմանալով տեղները՝  չգնացին հետևներից, իմանալով՝ որտեղ են թաքնված, ոչ մի միջոց չձեռնարկեցին, որ գնան, փրկեն։

Այս մարդկանց նպատակը երեխաներին կոտորելը, ոչնչացնելն էր, սրանք էդ են, այս կառույցն էտ է»։ 

Ծնողներին զայրացրեց այն փաստը, որ իրենց բոլորին չեն ընդունում իրենց նշած պաշտոնյաները։ Անհետ կորածների հարազատների ու տարածքում գտնվող ռազմական ոստիկանության ծառայողների միջև քաշքշոց սկսվեց։ Որոշ ժամանակ անց Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացավ։ ՊՆ վարչական համալիրի մոտ կանչվեց շտապօգնություն։ 

  • Կիսվել: