հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Սյունիքի Նռնաձոր գյուղ տանող ճանապարհի կառուցումը նախանշված ժամկետում ավարտին չի հասցվել

Սյունիքի Նռնաձոր գյուղ տանող ճանապարհի կառուցումը նախանշված ժամկետում ավարտին չի հասցվել

Սյունիքի Նռնաձոր գյուղ տանող ճանապարհի կառուցումը հայտարարված ժամկետում չի ավարտվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նախարարությունից հիշեցրել են, որ Շվանիձոր-Նռնաձոր ճանապարհի շինարարությունն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլը (հողային ճանապարհի կառուցում) իրականացնում է «ԱՄՎ Պարտներ» և «Մոստ կոնտրակտ»ՍՊ ընկերությունների կոնսորցիումը:

«Շինարարական աշխատանքները սկսվել են 2024 թվականին և դրանց ավարտի նոր ժամկետ է սահմանվել այս տարվա օգոստոսի 30-ը», – հայտնել են նախարարությունից:

Երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել ճանապարհի ասֆալտապատում, ընկերությունն արդեն որոշված է։ Աշխատանքների արժեքը մոտ 1,1 մլրդ դրամ է։

Նշենք, որ ի սկզբանե կապալառուն հայտարարել էր, որ նախատեսում է շինարարության առաջին փուլն (արժեքը՝ 2,5 մլրդ դրամ կամ մոտ 6,7 մլն դոլար) ավարտել մինչև 2025 թվականի վերջը։

Ավելի ուշ Sputnik Արմենիային նախարարությունից հայտնեցին, որ Սյունիքի հարավի Շվանիձոր-Նռնաձոր գրունտային ճանապարհի շինարարությունը կավարտվի մինչև 2026–ի մարտի 9-ը։

Այժմ Նռնաձոր տանող ճանապարհն անցնում է նախկին երկաթգծի տեղամասով և գտնվում է անբավարար վիճակում:

  • Կիսվել: