շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սյունիքի մարզում բախվել են Mercedes-ը, «06»-ն ու «05»-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր. մահացածը 44-օրյային մասնակցած՝ ոստիկանության ծառայող էր

Սյունիքի մարզում բախվել են Mercedes-ը, «06»-ն ու «05»-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր. մահացածը 44-օրյային մասնակցած՝ ոստիկանության ծառայող էր

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 17:40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում, բախվել են Mercedes, ՎԱԶ- 2106 և ՎԱԶ-2105 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սիսիան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու վիրավորներից մի քանիսին քաղաքացիների օգնությամբ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատւվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արիստակես Գրիգորյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Անտոն Անտոնյանն և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հովսեփ Գաբրիելյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայող էր, ով ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Արցախյան 44-օրյա պատերազմում՝ իր գործընկերների հետ լինելով առաջնագծի ամենաթեժ կետերում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի ու վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: