կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սյունիքի մարզպետն ու փոխմարզպետը շրջայցեր են կատարում սահմանամերձ գյուղերում

Սյունիքի մարզպետն ու փոխմարզպետը շրջայցեր են կատարում սահմանամերձ գյուղերում

Այս օրերին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը և մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը շրջայցեր են կատարում մարզի տարբեր համայնքներում, դպրոցներում մասնակցում միջոցառումների, զրուցում ուսուցիչների, համայնքների բնակիչների հետ։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից: 
 
Լինելով զինվորականներ՝ մարզպետն ու փոխմարզպետն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում մարզի անվտանգային հարցերին։ Նրանք այցելել են սահմանային դիրքեր ու մի շարք հանդիպումներ ունեցել, որոնք լուսաբանման ենթակա չեն։
 
«Սյունիքի մարզում յուրաքանչյուր խնդիր՝ Մեղրիից մինչև Գորայք, մեր ուշադրության կենտրոնում է։ Եղել ենք մարզի գրեթե բոլոր սահմանամերձ գյուղերում, շրջել դպրոցներով, զրուցել բնակիչների հետ, որպեսզի խնդիրներին անձամբ ծանոթ լինենք և, ըստ առաջնահերթության, լուծում տանք դրանց», - ասել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ ընդգծելով, որ Սյունիքի մարզպետարանը որդեգրել է աշխատասենյակի պատերից դուրս աշխատելու սկբունքը։
 
Սյունիքի մարզպետը Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում մասնակցել է «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական լաբորատորիայի բացման արարողությանը։ Ապա Մելիքսեթ Պողոսյանն ու Կարո Ավանեսյանն աշխատանքային այցով եղել են Սիսիան համայնքում։
 
Նրանք այցելել են Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոց․ մարզպետը հետաքրքրվել է դպրոցի շենքային պայմաններով ու ծանոթացել կրթօջախի ուսումնական ցուցանիշներին։ Քննարկվել է նաև դպրոցի տանիքի մասնակի նորոգման ու պատուհանների փոխման հարցը, որին մարզպետարանը լուծում կտա։
 
Մելիքսեթ Պողոսյանն այցելել է նաև Սիսիանի՝ այս պահին կառուցվող նոր բժշկական կենտրոնի տարածք ու դիտարկել շինարարության ընթացքը, ինչպես նաև եղել է հիվանդանոցի՝ այս պահին տեղակայման ժամանակավոր վայրում։ ԲԿ-ի տնօրենի հետ քննակվել են առկա խնդիրները, ինչպես նաև շտապօգնության անսարք մեքենաների նորոգման կամ նորերով փոխարինման հարցը։
 
Մարզպետն ու փոխմարզպետն այցելել են Սիսիանի Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան ևս․ այստեղ տնօրենի հետ զրույցը թանգարանի նորոգման ավարտի ու այն շահագործման տեսքին հասցնելու համար անհրաժեշտ լուծումների մասին էր, որի ուղղությամբ մարզպետարանն աշխատանք կտանի։
 
«Մենք ունենք հստակ աշխատանքային ժամանակացույց, որով առաջնորդվում ենք: Ամեն օր մեր քաղաքացիների կողքին ենք ու նրանց խնդիրները կրողը։ Մեր աշխատանքային առօրյան հաճախ դուրս է մարզկենտրոն Կապանից։ Հայրենիքն սկսվում է սահմանից, իսկ մենք սահմանին ենք ամեն օր»,- նշել է մարզպետը։
 

  • Կիսվել: