երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Սուրմալու»-ի պայթյունի գործի նախաքննությունն ավարտվել է. տուժողների փաստաբանը բացարկ է հայտնել ԱԱԾ քննիչին

«Սուրմալու»-ի պայթյունի գործի նախաքննությունն ավարտվել է. տուժողների փաստաբանը բացարկ է հայտնել ԱԱԾ քննիչին

«Սուրմալու» առևտրի կենտրոնում նախորդ տարվա օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունի գործի անջատված մասի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին տեղեկացնում է տուժողների փաստաբան Ավագ Լալայանից:

Տուժողները դժգոհ են և՛ գործի նախաքննության ընթացքից և ԱԱԾ քննիչի՝ նախաքննության ավարտ հայտարարելու մասին որոշումից: 

«49 հատուր նյութ է տվել, ամեն հատորն էլ 300 էջ, տրվել է 1 շաբաթ ժամանակ՝ նյութերին ծանոթանալու համար: Երբ Քննչական կոմիտեից գործը փոխացվեց ԱԱԾ, այն ժամանակ 2 ամիս պահանջվեց, որպեսզի ԱԱԾ քննչական խումբը ծանոթանա: Ես քննիչին բացարկ եմ հայտնել, սակայն հսկող դատախազը մերժել է միջնորդությունս: Սա ակնհայտ անօրինական միջամտություն է: Սահմանափակում են տուժողների իրավունքները, որպեսզի տուժողները չկարողանան իրենց իրավունքները լիարժեք պաշտպանել»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ օգոստոսի 14-ին կլրանա 16 անձի մահվան և մեկի անհետ կորելու պատճառ դարձած «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունի մեկ տարին:

Ավելի վաղ  հրդեհից զոհված 72-ամյա Արտավազդ Հայրապետյանի որդին՝ Համբարձում Հայրապետյանն ասել էր, որ դեպքի իրական մեղավորները չեն պատժվել, փոխարենը կալանքի տակ են անձինք, որոնք ուղղակի ենթականեր են եղել:

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14–ին տեղի էր ունեցել ողբերգական պայթյուն, որի հետեւանքով 16 մարդ զոհվել է, մեկ քաղաքացի էլ ճանաչվել է անհետ կորած։ Հարուցված գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեն 5 անձ՝ «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրենը, փոխտնօրենը եւ 3 տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը: Այս պահին, սակայն, արգելանքի տակ է մեկ անձ:

Նշենք, որ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով հարուցված քրեական գործը միացվել է 2022 թվականի օգոստոսի 14-ին նույն հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախաձեռնված քրեական վարույթին: Այն սկզբում քննվում էր Քննչական կոմիտեում, սակայն վերջերս գործը փոխանցվել է ԱԱԾ-ին:

  • Կիսվել: