ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ստորագրվել է հուշագիր՝ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների և շաքարային դիաբետի սքրինինգ իրականացնելու նպատակով

Ստորագրվել է հուշագիր՝ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների և շաքարային դիաբետի սքրինինգ իրականացնելու նպատակով

Առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող բժշկական կազմակերպություններում գրանցված 18 տարեկան և բարձր անձանց կանխարգելիչ այցի շրջանակում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների և շաքարային դիաբետի սքրինինգ իրականացնելու նպատակով Կոռնիձորում համագործակցության հուշագիր է ստորագրվել «Հենար» հիմնադրամի հետ:
 
Ծրագիրը փորձարարական եղանակով կգործի Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնի սպասարկման տարածքում գտնվող Շաքիի և Ախլաթյանի, Խնձորեսկի ԱԱՊԿ-ի սպասարկման տարածքում գտնվող Կոռնիձորի և Հարթաշենի բնակավայրերում:
 
«Բնակչության առողջության պահպանումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման օղակում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը, մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովումը շատ կարևոր են: Եվ, հաշվի առնելով սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի տարածվածությունը, հաստատվել է առողջական այս խնդիրների վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտությունների իրականացման ծրագիր, որն իրականացվելու է «Հենար» հիմնադրամի աջակցությամբ»,- նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հուշագրի ստորագրման ժամանակ:
 
Սքրինինգային հետազոտությունը 2 փուլ ունի: Սկզբում հետազոտության բոլոր մասնակիցները հարցաթերթիկ են լրացնում, գրանցվում են նրանց անթրոպոմետրիկ ցուցանիշները (քաշը, հասակը), կատարվում է զարկերակային ճնշման չափում։ Արդյունքներից կախված, ըստ անհրաժեշտության, կարող են իրականացվել լրացուցիչ հետազոտություններ՝ արյան մեջ գլյուկոզի և լիպիդային պրոֆիլի որոշում, ինչի արդյունքում ռիսկային հիվանդներն ուղեգրվում են նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու։ Ռիսկի գործոնների բացակայության պարագայում անձը սքրինինգին կրկին մասնակցում է երկու տարի անց։
 
Ծրագրի արդյունքները հնարավորություն կտան ապացուցողական բազա ստեղծել առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթում ներառված կանխարգելիչ այցն արդյունավետ իրականացնելու համար։

  • Կիսվել: