կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստամբուլում ոգեկոչել են Հրանտ Դինքի հիշատակը (լուսանկարներ)

Ստամբուլում ոգեկոչել են Հրանտ Դինքի հիշատակը (լուսանկարներ)

Այսօր լրանում է պոլսահայ լրագրող, ՛՛Ակոս՛՛ թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան 17-րդ տարելիցը:

Այս կապակցությամբ մարդիկ հավաքվել են Ստամբուլում այն շենքի առաջ, որտեղ 2007 թվականի հունվարի 19-ին սպանվել է հայ լրագրողը։

Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ ոգեկոչմանը ներկա են եղել քաղաքական կուսակցությունների, ժողովրդավարական զանգվածային կազմակերպությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ մտավորականներ։ Դինքի սպանության վայրում քաղաքացիները կարմիր մեխակներ, մոմեր ու նուռ են թողել։

Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքը, ելույթում ընդգծելով, որ ամուսնուն սպանող Օգյուն Սամասթն ազատ է արձակվել, հավելել է․ ՛՛Անցավ ևս մեկ տարի, որ մենք համբերատար սպասում էինք արդարության, ևս մեկ տարի, երբ արդարության փոխարեն մնացինք անարդարության դեմ, 17 տարի անց 17-ամյա մարդասպանն այժմ ձեր մեջ է՝ ճիշտ այնպես, ինչպես ձեր մեջ կան այնպիսիք, ովքեր ասում են՝ ՛՛սպանի՛ր՛՛: Մենք չենք հրաժարվի Հրանտ Դինքի սպանության հիմքում ընկած խավարի որոնումներից և արդարության պահանջից՛՛։

Այս տարվա ոգեկոչման արարողությանը ելույթ է ունեցել գրող Օյա Բայդարը։ ՛՛Հրանտն այս երկրի տառապյալ ժողովրդի դարմանն ու խիղճն էր։ Չկարծեք, թե ես գեղեցկացնում եմ նրան, երբ նրան այստեղ հիշատակում եմ։ Նա տաբու կոտրող էր պաշտոնական պատմության ստերի դեմ։ Մութ ուժերն ամենից շատ վախենում են տաբու կոտրողներից: Դրա համար էլ կրակեցին Հրանտի վրա։ Եթե նա պաշտպաներ զենքն ու բռնությունը, թիրախ չէր լինի՛՛,-նշել է նա:

Հիշատակի միջոցառմանը ներկաները վանկարկել են ՛՛Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք՛՛, ՛՛Կեցցե՛ ժողովուրդների եղբայրությունը՛՛, ՛՛Սպանել՛՛ ասողները պետք է դատվեն՛՛ և այլ կարգախոսներ։

  • Կիսվել: