հինգշաբթի, դեկտեմբեր 12
12 / 12 / 2024
Ստամբուլում բացվել է Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արք․ Մութաֆյանի կիսանդրին (լուսանկարներ)

Ստամբուլում բացվել է Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արք․ Մութաֆյանի կիսանդրին (լուսանկարներ)

Թուրքիայում հայոց Ն.Ա.Տ. (Նորին Ամենապատություն/Պատրիաիքություն) պատրիարք Սահակ արքեպիսկոպոսը ապրիլի 1-ին նախագահել է Բալըքլըի գերեզմանատան Ս. Սարգիս մատուռի հրապարակում տեղադրված Երանաշնորհ Մեսրոպ Բ. Պատրիարք Հոր կիսանդրիի բացումը, գրում է ermenihaber.am-ը:

Բացման հանդիսությանը մասնակցել են Աթոռի երկու եպիսկոպոսները՝ Գերշ. Տ. Եզնիկ Արքեպս. Պետրոսյանն ու Գերշ. Տ. Արամ Արքեպս. Աթեշյանը, միաբաններ Հոգշ. Տ. Զաքեոս Ծ. Վրդ. Օհանյանը և Հոգշ. Տ. Հարություն Վրդ. Տամատյանը, Հոգշ. Տ. Հովակիմ Վրդ. Սերովբյանը, Հոգշ. Տ. Շնորհք Աբղ. Տոբիկյանը և Հոգշ. Տ. Գասպար Աբղ. Կարապետյանը, Պատրիարքական Փոխանորդ Արժ. Տ. Գրիգոր Աւ. Քհնյ. Տամատյանը և Արժ. Տ. Զավեն Աւ. Քհնյ. Բչաքչյանը, Արժ. Տ. Նաթան Քհնյ. Արաբյանը և Արժ. Տ. Մելքոն Քհնյ. Փնարջյանը, ինչպես նաև համայնքային հաստատության ներկայացուցիչներ և հավատացյալներ:

Պոլսո Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ մասնավորապես ասվում է․

«Նախ, Նորին Ամենապատության նախագահությամբ կատարուվեց ընդհանուր հոգեհանգստյան ծես, որի ընթացքում հատկապես հիշատակվեցին պատրիարքական Աթոռոյս Երանաշնորհ գահակալները:

«Յանուն Սամաթիոյ Թաղային Խորհուրդին՝ ատենապետ Նուրհան Տավուլճեան հանդէս եկաւ սրտի խօսքով եւ ըսաւ թէ պարտք կը զգան մեր համայնքի մեծութիւններուն արժանի յարգանքը ցոյց տալու:

Այս մտածումով՝ Ամեն. Ս. Պատրիարք Հօր օրհնութեամբ, Գերշ. Տ. Արամ Արքեպս. Աթէշեանի առաջարկով, Թաղային Խորհուրդի պատուակալ ատենապետ Մելքոն Գարաքէօսէի հսկողութեամբ, Վազգէն Պարընի ճարտարապետութեամբ եւ Եթքին Պէրպէրօղլուի նուիրատուութեամբ ու յարգուած արուեստագէտ Էրօլ Սարաֆեանի ձեռամբ պատրաստուած է Երանաշնորհ Մեսրոպ Բ. Պատրիարքի կիսանդրին: Այսօր այս կիսանդրիի բացումն է որ պիտի կատարուի:

Տավուլճեան շնորհակալութիւն յայտնեց բոլոր անոնց, որոնք իրենց ներդրումը ունեցան այս գործին: Ապա խօսեցաւ մեր Հոգեւոր Պետը եւ ըսաւ, թէ այսօր Մեռելոց յիշատակ է:

Մենք գերեզման կու գանք, ոչ թէ փոշի դարձած աճիւններուն կամ մարմարեայ շիրիմներուն այցելելու, այլ յարգանք ցուցաբերելու անոնց յիշատակին՝ յարութեան հաւատքով:

Նորին Ամենապատուութիւնը ըսաւ, որ թէ մեզ եւ թէ յաջորդ սերունդներուն համար ուսուցող է նման արձաններու կամ կիսանդրիներու գոյութիւնը, ինչպէս էր Երանաշնորհ Շնորհք Պատրիարքի պարագային:

Նոր սերունդներ նայելով այս կիսանդրիներուն՝ պիտի մտածեն ու հետաքրքրուին, թէ ովքեր էին անոնք եւ ինչ ըրած էին իրենց կեանքին ընթացքին:

Նորին Ամենապատուութիւնը գնահատեց բոլոր երախտաւորները՝ Գերշ. Տ. Արամ Արքեպս. Աթէշեանը, գործին հսկող Մելքոն Գարաքէօսէն, ճարտարապետ Վազգէն Պարընը, բարերար Եթքին Պէրպէրօղլուն եւ ծանօթ արուեստագէտ Էրօլ Սարաֆեանը:

Պատրիարք Հայրը հրաւիրեց Գերշ. Տ. Արամ Արքեպիսկոպոսը, Երանաշնորհ Պատրիարք Հօր տիրամայրը՝ Մարի Մութաֆեանը եւ միասնաբար բացին կիսանդրիի սպիտակ ծածկոցը:

Ապա Սամաթիոյ Թաղային Խորհուրդը Պատրիարք Հօր եւ Տիրամօր ձեռամբ արծաթեայ յուշապնակներ նուիրեց ճարտարապետ Վազգէն Պարընին եւ բարերար Եթքին Պէրպէրօղլուին»:

  • Կիսվել: