շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստամբուլի հայ կաթոլիկ եկեղեցու հրդեհված կացարանից 3 հոգի հասցրել է դուրս գալ. Գոչունյանը մանրամասներ է պատմում

Ստամբուլի հայ կաթոլիկ եկեղեցու հրդեհված կացարանից 3 հոգի հասցրել է դուրս գալ. Գոչունյանը մանրամասներ է պատմում

Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը NEWS.am-ին մանրամասներ է հայտնել Ստամբուլի Բեյօղլու թաղամասի հայկական կաթոլիկ Սուրբ Փրկիչ եկեղեցու կացարանային հատվածում բռնկված հրդեհի վերաբերյալ:

Նա, մասնավորապես, պատմեց. «Ստամբուլի պատմական Ղալաթիա թաղամասում երեկ երեկոյան տեղական ժամանակով 21.45-ի սահմաններում Սուրբ Փրկիչ հայ կաթողիկե եկեղեցու համալիրի հյուրատան մեջ հրդեհ է ծագել: Ստամբուլի հրշեջ խումբը անմիջապես արձագանքելն է: Անմիջապես դեպքի վայր են հասել այնտեղի քավարապետն ու քաղաքապետը:

Կաթողիկե հայերի հոգեւոր առաջնորդ գերապայծառ Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանը հոգեւոր հոր ուղեկցությամբ եւս տեղ է հասել՝ իրավիճակին հետեւելու համար: Այնտեղ են եկել նաեւ եկեղեցու վարչական խորհրդի անդամները: Այդ թաղամասում է գտնվում նաեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցին, որի վարչական շրջանի անդամները եւս հասել են դեպքի վայր:

Կեսգիշերից հետո, ժամը 2-ի սահմաններում հրդեհը ամբողջովին մարվել է: Երկու զոհի մասին է հայտարարվել, որոնց անուններն են Ժոզեֆին Էքմեքչի եւ Ֆեհիմ Աթսուփ: Նրանք հայ կաթողիկե հասարակության անդամներից են: Նրանց հոգիների հանգստության համար աղոթք է աևտասանվել մեր հայ առաքելական եկեղեցու դահլիճում»:

Գոչունյանի խոսքով, հրդեհված հյուրատունը եկեղեցու համալիրի մաս է կազմում, այն մուտք ունի եւ եկեղեցու տարածքից, եւ դրսից առանձին. «Դա բավական հին շենք է, եւ այնտեղ մեկ շաբաթից նախատեսված էին վերանորոգման աշխատանքներ սկսել: Դրանք համարյա 150-200 տարվա հնություն ունեցող շենքեր են:

Հրդեհը ծագել է երկհարկանի հյուրատան երկրորդ հարկում: Առաջին պահին տեղի 7 բնակիչներից երեքը սեփական ջանքերով կարողացել են դուրս գալ: Երկուսը որոշ չափով ծխահարվել են եւ շտապ տեղափոխվել են հիվանդանոց: Երկու զոհերը, ըստ երեւույթին, շատ համեստ խավերից պաստպարյալներ էին, որոնք եկեղեցուն հարակից հյուրատան մեջ ապում էին:

Բարեբախտաբար, եկեղեցին որեւէ ձեւով չի վնասվել»,-ասաց նա:

Անդրադառնալով հրդեհի հնարավոր պատճառներին, Գոչունյանն ասաց. «Հրդեհի պատճառների վերաբերյալ դեռեւս ստույգ տեղեկություններ չկան: Էսպիսի դեպքերը նախատեսում են որոշ գործընթաց, պետք է այնտեղ որոշակի քննություններ ուսումնասիրություններ կատարվեն»:

Հարցին, թե հնարավո՞ր է դիտավորություն լինել, նա արձագանքեց. «Այնպիսի վարկածներ չեն քննարկվում, որ դիտավորության հետեւանքով եղած լինի հրդեհը: Այնքան հին շենքեր են, խոնավության հարցեր կան, երեւի խոնավորթւամբ պայմանավորված էլեկտրական սարքերի բարդություններ են ծագել: Այս պահին ոչ թուրքական լրատվամիջոցները, ոչ էլ պոլսահայ համայնքային շրջանակներում որեւէ ձեւով միտումնավորության վարկած չի շրջանառվում»:

  • Կիսվել: