Սրտխառնոց, գլխապտույտ են ունեցել. VR ակնոցներով ֆիլմի ցուցադրությունից հետո աշակերտների ինքնազգացողությունը վատացել է, ծրագիրը հանվել է դպրոցներից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն այսօր ավագանու նիստի ժամանակ խոսեց թիվ 171 դպրոցում տեղի ունեցած միջադեպի մասին:
Նա, մասնավորապես, նշեց. «Վիրտուալ հանրագիտարան» ծրագրով, VR ակնոցներով ֆիլմ են ցուցադրել, որը եղել է թեմատիկայից դուրս՝ պայքարել հարձակվող սարդերի, կարիճների [դեմ], կենդանիներից փախչել և այլն: Արդյունքում դպրոցում ֆիլմը դիտած երեխաների 90 տոկոսի մոտ դա առաջացրել է սրտխառնոց, գլխապտույտ, նաև 1 ուշագնացության դեպք է եղել, և մի քանի ծնող խոսում են, որ դիմել են հոգեբանի»:
Արձագանքելով՝ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն պետ Մարգարիտ Խաչատրյանը նշեց, որ տեղյակ են խնդրին: Նա միևնույն ժամանակ հավելեց, որ այն երեխան, որն ուշագնաց է եղել, ունեցել է տեսողության խնդիր, ինչի պարագայում ցանկալի չի եղել տվյալ ակնոցից օգտվելը:
«Ծրագիրը երաշխավորված է եղել ԿԳՄՍՆ-ի կողմից: Մեզ փոխանցվել է տեղեկատվություն, որ դպրոցներում կարելի է իրականացնել ծրագիրը: Մենք փոխանցել են դպրոցներին»,- ասաց նա և վստահեցրեց, որ ծրագիրն այժմ դադարեցված է այն դպրոցներում, որտեղ կիրառվել է:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց. «Աուդիովիզուալ զգայունություն, հազար ու մի հարց կարող է լինել այդտեղ իրականում: Հասկացանք, բայց մի քիչ շատ արդարացի հարց է բարձրաձայնվում: Կարճ ասած՝ իրականում լավ միտք չի եղել»:


