Սփյուռքի մեր շատ սիրելի որոշ կառույցներ հիասթափության աղբյուր են. վարչապետ
Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, խոսելով հիասթափությունների մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հիասթափության աղբյուր կարող են լինել եւ Սփյուռքի մեր շատ սիրելի որոշ կառույցներ:
Վարչապետը, մասնավորապես, նշեց. «Որովհետեւ բավականին երկար ժամանակ Սփյուռքի մի շարք կառույցներ եղել են միջնորդ Հայաստանի կառավարության եւ Սփյուռքի միջեւ խոսակցության: Այսօր այդ երեւույթը փոխվում է, որովհետեւ այսօր ես հիմա խոսում եմ ու չկա բաժանում՝ ես Սփյուռքի հետ եմ խոսում, թե Հայաստանի: Այս ժամին ասենք Հայաստանն է ներգրավված, իսկ գիշերը ներգրավված կլինի Սփյուռքը:
Բայց ընդհանուր առմամբ կա կառուցվածքային մի պրոբլեմ, որը որքան շուտ արձնագրենք, այնքան ճշգրիտ կլինենք Սփյուռքի հետ մեր քաղաքականության մեջ: Օրինակ, 30-40 տարի առաջ Սփյուռքի 90 տոկոսը կապված էր այս կամ այն սփյուռքյան կազմակերպության հետ: Այսինքն ինստիտուցիոնալ կառուցվածք գոյություն ուներ: Վերջին 40 տարում, ինչ-որ տեղ դժբախտաբար այս տրամաբանությունը փոխվել է:
Հիմա հակառակն է, Սփյուռքի 10 տոկոսն է սփյուռքյան կազմակերպությունների տրամաբանության մեջ, իսկ 90 տոկոսը դուրս է մնացել այդ կառուցվածքային տրամաբանությունից: Որքան շուտ դա արձանագրենք, այնքան արդյունավետ կդարձնենք մեր հարաբերությունները Սփյուռքի հետ»:
Նրա խոսքով՝ այսօրվա վիճակն ավելի է բարդացնում խնդիրը: Հեղափոխությունից հետո, ըստ Փաինյանի, իրենք Սփյուռքի հետ խոսում են ուղիղ, ինչը լավ է. «Բայց դա իր հետ բերում է պրոբլեմներ»,-նշեց վարչապետը:


