ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սպիտակ արագիլների աղտոտվածության արեալն ավելացել է 21%-ով, աղտոտված արագիլների քանակը՝ 16%-ով. NABU

Սպիտակ արագիլների աղտոտվածության արեալն ավելացել է 21%-ով, աղտոտված արագիլների քանակը՝ 16%-ով. NABU

2021թ. սեպտեմբերի 7-ին Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը Երևանի կենդանաբանական այգու հետ համատեղ իրականացնելու է Արարատյան դաշտից հավաքագրված աղտոտված փետրածածկով արագիլների մաքրման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է NABU-ի հայաստանյան մասնաճյուղը: Բոլոր մաքրված արագիլները օղակավորվելու են և մեկ շաբաթ անց բաց են թողնվելու վայրի բնություն: Բաց թողնվող երկու առանձնյակների վրա տեղադրվելու են արբանյակային տվիչներ՝ նրանց հետագիծն ուսումնասիրելու նպատակով:
 
ԷկոԼուրի հետ զրույցում NABU-ի աշխատակիցը նշեց, որ թռչուններին մաքրելուց բացի շատ կարևոր է գտնել ու վերացնել աղտոտման բոլոր աղբյուրները, այլապես կատարված աշխատանքն ապարդյուն կլինի: «Գլխավոր խնդիրն է պարզել, թե ինչից են արագիլներն աղտոտվում ու այդ աղտոտման աղբյուրը վերացնել, որպեսզի թռչուններն այլևս չկեղտոտվեն: Երբ իրենց մաքրում ենք ու բաց թողնում, իրենք կրկին կարող են աղտոտվել»,- նշեց նա:
 
Նշենք, որ ամռան ընթացքում NABU-ն իրականացրել էր Սպիտակ արագիլների հաշվառման աշխատանքներ Արարատի և Արմավիրի մարզերում: Արարատի մարզում աղտոտված էին արագիլների գրեթե 60%-ը, Արմավիրի մարզում՝ 40%-ը: Ըստ NABU-ի՝ Արարատյան դաշտում Սպիտակ արագիլների աղտոտվածության արեալը 2021թ. ավելացել է 21%-ով՝ 2020թ. համեմատությամբ, իսկ 2020թ. նկատմամբ 2021թ. աղտոտված արագիլների քանակն ավելացել է 16%-ով:
 
Նշենք, որ աղտոտված արագիլների փետուրների և արագիլների բնադրման վայրերի մոտակա ջրաղբյուրներից նմուշառում են վերցվել և ուղարկվել Ռուսաստանի Դաշնություն՝ լաբորատոր հետազոտություն իրականացնելու նպատակով: Կազմակերպությունը մտադիր է համեմատել այդ հետազոտությունների արդյուքնները՝ աղտոտման աղբյուրների շրջանակը պարզելու համար: NABU-ից նաև հայտնեցին, որ աղտոտման հավանական աղբյուրների վերաբերյալ ունեն վարկածներ, սակայն նախքան հետազոտության արդյունքների հայտնի դառնալը չեն շտապում դրանք բարձրաձայնել: «Բացի այդ, աղտոտվածությունը կարող է մի քանի աղբյուրներից լինել... Բայց, բնականաբար, այս ամենը մարդու ներգործության հետևանք է: Մեր նպատակներից մեկն էլ կայանում է նրանում, որ լայն շրջանակներին բացատրենք, որ միայն մարդկանցով չէ աշխարհը: Մեր կողքին կա բնություն, կան կենդանիներ, կա էկոհամակարգ, որը պահպանել է պետք: Եթե մենք չենք հետևում մեր ջրահեռացման համակարգին, որը շատ վատ վիճակում է գտնվում, հետագայում դա տարբեր հիվանդություններ է առաջացնում, որոնք կանդրադառնան արագիլների և հետագայում նաև մարդկանց վրա: Արդեն իսկ անդրադառնում է: Ինչու է հիմա արագիլների խնդիրն այդքան կարևոր ու այդքան շատ շոշափվում, որովհետև իրենք ինդիկատոր են համարվում բնության մեջ, իրենք ցույց են տալիս, որ էկոլոգիական խնդիր կա այստեղ: Եվ այդ խնդիրը շտապ լուծել է պետք», -նշեցին NABU-ից:

  • Կիսվել: