չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Սպասում ենք ռուս խաղաղապահների որոշմանը, Կարմիր Խաչին էլ չի հաջողվում տեղափոխել, որովհետև Ադրբեջանը չի թույլատրում

Սպասում ենք ռուս խաղաղապահների որոշմանը, Կարմիր Խաչին էլ չի հաջողվում տեղափոխել, որովհետև Ադրբեջանը չի թույլատրում

Երևան-Գյումրի ավտոճանապարհին ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունը դեռ շարունակում է մնալ Գորիսում։ Արցախի կառավարությունը և Հելեն Դադայանի ծնողները համատեղ միջնորդագիր են ներկայացրել ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը՝ աճյունը տեղափոխելու խնդրանքով, բայց դեռ պատասխան չկա։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Հելեն Դադայանի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը։
 
 
«Սպասողական վիճակում ենք, սպասում ենք ռուս խաղաղապահների որոշմանը, Կարմիր Խաչին էլ չի հաջողվում տեղափոխել, որովհետև Ադրբեջանը չի թույլատրում: Մարդկային ողբերությունը է տեղի ունեցել, բայց Ադրբեջանը գազանություն է անում՝ թույլ չտալով դին հասցնել ծնողներին»,- նշեց նա:
 
 
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 12 քաղաքացի, վիրավորվել՝ 5-ը։
 
 
Ողբերգական վթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությունից։
 
 
Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երևան քաղաքի ուղղության երթևեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Volkswagen» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «ԶԻԼ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:
 
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։
 
 
Նշենք, որ «ԶԻԼ»-ի վարորդը կալանավորվել է։

  • Կիսվել: