երեքշաբթի, մայիս 24
24 / 5 / 2022
Սպասում եմ խոսքերիս հետ կապված սուտ մատնության վերաբերյալ հաղորդմանը. ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարը՝ նախարարին

Սպասում եմ խոսքերիս հետ կապված սուտ մատնության վերաբերյալ հաղորդմանը. ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարը՝ նախարարին

 

Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնը թողնելու իր որոշման շարժառիթներին: Այս առիթով Հայրապետյանը գրել է.

«ԿԳՄՍ նախարար.

21.08.19թ. «...Ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը… Ամենակարևորը որոշակի արժեքային համակարգն է, անկախ նրա մասնագիտական կարողություններից»:

25.05.20թ. «Ատենախոսության խնդիրները նախկին համակարգից եկած պրոբլեմներ են, որոնք բուհին սթրեսի են ենթարկում»:

Չէ, լո՞ւրջ: Այն, ինչ պնդում էի ամիսներ շարունակ, որ ամբողջական, խորքային հետազոտությունս չի կարելի նսեմացնել համակարգի օբյեկտիվ և ոչ էական խնդիրներին հղում կատարելով, միայն հիմա՞ պարզ դարձավ, երբ հերթը փոխնախարարի «մտերիմին» (հենց իր խոսքերով) հասավ: Իսկ առանց հասկանալու ու խնդիրը պատկերացնելու ավել-պակաս արտահայտություններով խոսելու և գործելու համար ոչ ոքից ներողություն խնդրելու կարիք այժմ չկա՞:

Արժեքային համակա՞րգ է փոխվել, թե՞ ի սկզբանե կեղծ, չմտածված հայտարարություններ էին: Ես, իհարկե, դատից հետո կասեմ, թե որքան անհեթեթ էին այդ խոսքերն ու գործողությունները, բայց այսքանից հետո գոնե սխալն ընդունելու համարձակություն էլ չկա՞: Եվ խնդիրը բնավ ամիսներ ուշացած ու մրցույթից մի քանի օր առաջ հանրային ճնշմամբ պարտադրված հնարավոր հրաժարականը չէ, այլ՝ մոտեցումների և գործողությունների տարբերությունը: Բա երբ հանրային պաշտոնյան իր «մտերիմի» նկատմամբ փաստացի տարբերվող բարենպաստ վերաբերմունք է ցուցաբերում, դա ի՞նչ է: Ես բազմիցս նշել եմ, որ դա համարում եմ ուղղակի հովանավորչություն:

Սպասում եմ խոսքերիս հետ կապված սուտ մատնության վերաբերյալ հաղորդմանը»:

  • Կիսվել: