ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սոցիալապես անապահով և արտակարգ իրավիճակներից տուժած 13,000 քաղաքացու կտրամադրվեն սննդի քարտեր՝ 3 ամիս ժամկետով

Սոցիալապես անապահով և արտակարգ իրավիճակներից տուժած 13,000 քաղաքացու կտրամադրվեն սննդի քարտեր՝ 3 ամիս ժամկետով

Սոցիալապես անապահով և արտակարգ իրավիճակներից տուժած 13,000 քաղաքացու  կտրամադրվեն սննդի քարտեր՝ 3 ամիս ժամկետով՝ ամսական 9 հազար դրամի չափով։

Սյունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում ծրագիրն իրականացնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Միավորված ազգերի կազմակերպության Պարենի ու համաշխարհային ծրագիրը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։

Առաջնահերթ համարելով խոցելի խմբերի պարենային ապահովության բարելավման ուղղությամբ արդյունավետ ծրագրերի իրականացումը՝ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կարևորեց Պարենի համաշխարհային ծրագրի դերը: Նախարարը հույս հայտնեց, որ անհրաժեշտ ջանքերի ու ռեսուրսների համախմբմամբ և համագործակցության հստակ մեխանիզմների ձևավորմամբ հնարավոր կլինի լիարժեք ապահովել ծրագրով սահմանված արդյունքները:

«Ե՛վ պետության քաղաքականության, և' ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, և Պարենի համաշխարհային ծրագրի գործունեության առանցքային նպատակներից է սոցիալապես անապահով անձանց և արտակարգ իրավիճակներից տուժած բնակչության պարենային ապահովության բարելավումը: Հույս ունենք, որ պիլոտային այս ծրագիրը կունենա արդյունավետ ընթացք, և հետագայում կունենանք նաև նմանօրինակ պետական աջակցության ծրագիր իրականացնելու հնարավորություն: Վստահ ենք, որ այս միջոցառման շրջանակում շահառուները հնարավորություն կունենան որոշակիորեն բարելավել իրենց ընտանիքների կենսապայմաններն ու թեթևացնել սննդի ձեռքբերման ֆինանսական բեռը»,- նշեց նախարարը:

Նարեկ Մկրտչյանն ընդգծեց, որ հուշագրի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել մշակել շահառուների ընտրության չափորոշիչների և ցուցակների ձևավորման մեթոդաբանություն, մշակել ու հաստատել գնահատման հարցաշար, կազմակերպել սննդի աջակցության քարտերի բաշխումը շահառու տնային տնտեսություններին և այլն:

Պարենի համաշխարհային ծրագիրն, իր հերթին, պարտավորվել է իրականացնել շուկայի ֆունկցիոնալության գնահատում, վերապատրաստել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների սոցիալական աշխատողներին, մշակել սննդի աջակցության քարտի համար անհրաժեշտ ստանդարտ գործառնական ընթացակարգ և այլն:

Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն,  ընդգծելով այս համագործակցության կարևորությունը,  նշեց, որ ոգևորված են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացվող «Սննդի աջակցության քարտ» ծրագրի մեկնարկի համար:

«Այս համագործակցությունը նպատակ ունի օգնել խոցելի ընտանիքներին գնել սննդարար մթերք՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք վերջին տարիների ընթացքում ենթարկվում են բազմաթիվ ցնցումների, այդ թվում՝ պարենային գնաճի: Միասին մենք զորեղացնում և հույս ենք տալիս կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքներին՝պարտավորվելով սննդի աջակցության քարտերի ծրագիրը հանձնել կառավարությանը՝ որպես աղետներից տուժած մարդկանց աջակցության գործիք»,- ասաց Նաննա Սկաուն:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այս աջակցությամբ ցանկանում է բարելավել և ուժեղացնել հնարավոր ցնցումներին դիմակայելու պետական ռազմավարությունը, ինչպես նաև՝ խթանել սոցիալական աջակցության մեխանիզմները պարենային խնդիրներ ունեցող բնակչության խմբերի համար:

  • Կիսվել: