երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սխալներ են եղել, արտաշիրիմումներ են արվել. զոհված զինծառայողների ծնողները չեն վստահում ԴՆԹ անալիզներին․ «Հրապարակ»

Սխալներ են եղել, արտաշիրիմումներ են արվել. զոհված զինծառայողների ծնողները չեն վստահում ԴՆԹ անալիզներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Անհետ կորածի ազգական Արսեն Ղուկասյանը, ով մշտապես ներկա է լինում զոհված զինծառայողների ծնողների ակցիաներին, մեզ հետ զրույցում ասաց, որ իշխանությունների անգործության արդյունքում ոչինչ չի արվում անհետ կորածներին գտնելու ուղղությամբ, դեռ մի բան էլ` ծնողները կասկածում են, թե դատաբժշկական կենտրոնի կողմից ներկայացված մասունքներն իրենց զավակներինն են:

Հիշեցնենք, որ երեկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Հրապարակին» հայտնել էր, որ դատաբժշկական կենտրոնի սառնարաններում դեռ չհուղարկավորված, ծնողներին չհանձնված մասունքներ կան: «44-օրյա պատերազմում զոհված բոլոր այն զինծառայողների մասունքները, որոնք ծնողները հրաժարվում են վերցնել, կառավարությունը պատրաստվում է հուղարկավորել»,-նշել էր նա:

Արսեն Ղուկասյանն ասում է, որ ծնողներից ոմանք էմոցիոնալ ֆոնի վրա են կասկածում, սակայն կան նաեւ շատերը, որոնց կասկածներն արդարացի են ու հիմնավորված: Ղուկասյանը կոնկրետ անուններ չի տալիս, սակայն ասում է, որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ԴՆԹ անալիզների արդյունքները մարդկանց շփոթմունքի մեջ են գցել: Ասենք, մարդիկ թաղել են իրենց զինվորի մարմինը, հետո արտաշիրիմում են արել, եւ պարզվել է՝ սխալ անձի են հուղարկավորել։

«Մենք այս խնդիրն էլի ենք բարձրաձայնել: Անուններ նշել չեմ կարող, բայց որ շատերն են հրաժարվում տրամադրված մասունքներից, փաստ է, նույնիսկ մարմին անվանել չի կարելի` մասունք: Եթե ավելի ազնիվ լինենք, պետք է ասենք, որ շատերի մոտ հիմնավորված են կասկածները, կան նաեւ մարդիկ, որոնք էմոցիոնալ ֆոնի վրա, պարզապես տեսնելով, թե ինչ է կատարվում, չեն ցանկանում ընդունել, որ իրենց զավակը եւս զոհվել է: Այս հարցը պետք է շատ պարզ ու հստակ լուծում ստանա: Մենք արդեն մի քանի ամիս է՝ պետությունից, իշխանություններից խնդրում ենք, որ թույլ տան այլ միջոցներ կիրառել, որպեսզի մարդկանց ոչ թե համոզեն, որ դա իրենց տղայի մասունքն է, այլ ապացույց լինի, որ մարդիկ վստահ լինեն: Ունենք դեպքեր, որ սխալմունք է եղել, ԴՆԹ-ն սխալ է ցույց տվել, սխալ մարդու են հուղարկավորել: Հիմա ի՞նչ անել, հիմք ընդունել այդքանից հետո, մասունքը տանել, ու վե՞րջ: Դեպքերը բազմաթիվ են, արտաշիրիմումներ են եղել: Պետք է մարդկանց տալ մասունքն արտերկիր տանելու հնարավորություն, եղել են մարդիկ, որոնք անգամ մի քանի տեղ են տարել անալիզի եւ նոր միայն համոզվել են, որ դա իրենց որդու մասունքն է: Կա նաեւ մեկ այլ տարբերակ, կարող են Հայաստան հրավիրել անկախ փորձագետների խումբ, որի համար կստեղծվեն պայմաններ, եւ այդ մարդիկ կարող են եզրակացություն կազմել: Կարելի էր նաեւ այդ աշխատանքներին ներգրավել մի քանի ծնողի, չեմ ասում՝ մասնագետ են ծնողները, բայց նույն ծնողները կարող էին վերահսկել ընթացքը: Սխալվել են բազմիցս, արտաշիրիմում են արել, դիակները փոխել: Ծնողների համար 50-50 է: Եթե մարդը գիտի, որ իր տղան 43 համարի կոշիկ է հագել, բերում են քայքայված դիակ, որի վրա 40 համարի կոշիկ է հագցրած, ի՞նչ մտածի այդ ծնողը»,-նշում է մեր զրուցակիցը»։

  • Կիսվել: