երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շուրջ 30 ավտոբուսներ շուտով կհամալրեն երևանյան երթուղիները. կայացել է ավագանու հերթական նիստը

Շուրջ 30 ավտոբուսներ շուտով կհամալրեն երևանյան երթուղիները. կայացել է ավագանու հերթական նիստը

Մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակայանը համալարվեց ևս 30 նոր շարժակազմով: Ավագանու հերթական նիստում համայնքին մատակարարված ավտոբուսների շահագործումը հանձնվեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ համայնքն ընթացիկ տարում նախատեսում է 8,5 մետրանոց շուրջ 200 ավտոբուս ձեռք բերել, հետագայում՝ նաև 18 մետրանոց 250 էլեկտրական ավտոբուս։ 

Հաշվի առնելով միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծի վերաբերյալ կառուցողական քննադատությունները, առաջարկներն ու հանրային լայն քննարկումները՝ հարցը հանվեց ավագանու նիստի օրակարգից: 

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 2-րդ փողոցը՝ նրբանցքով, այսուհետ կանվանակոչվի հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի, Քանաքեռի 3-րդ փողոցը՝ հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աղասի Այվազյանի, Քանաքեռի 8-րդ փողոցը՝ հայ բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանի և Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 8-րդ փողոցը՝ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ազատ Շերենցի անվամբ: 

Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մարտի 12-ին:

 

  • Կիսվել: