ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մանկապարտեզների հաճախելիությունը շատ ցածր է, հաճախում է երեխաների շուրջ 8.3%-ը. Ասոյան

Մանկապարտեզների հաճախելիությունը շատ ցածր է, հաճախում է երեխաների շուրջ 8.3%-ը. Ասոյան

Չորս տեսչական մարմինների կողմից վերահսկողական աշխատանքները հիմնականում տարվում են այն ոլորտներում, որոնք առավել ռիսկային են՝ արտադրամասեր, խանութներ, բանկեր, որտեղ հնարավոր է մարդկանց կուտակումներ և վարակի տարածում: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:

Նրա խոսքով, այս մեկ շաբաթվա ընթացքում հանրային սննդի շուրջ 87 օբյեկտ է փակվել, ևս 12-ը այսօր կփակվեն, աշխատանքները շարունակական բնույթ են կրում։

Արթուր Ասոյանը հայտնեց, որ Սննդամթերքի տեսչական մարմնի կողմից այս ընթացքում խորհրդատվություն է տրամադրվել 9561 տնտեսվարող սուբյեկտի՝ հանրային սննդի ոլորտում:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից մեկ շաբաթվա ընթացքում արդեն դադարեցվել է 290 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն, 24 ժամյա ռեժիմով դադարեցման մասին է խոսքը:

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, Հայաստանում 823 տնտեսվարողի գործունեություն է դադարեցվել՝ կորոնավիրուսի տարածման կանխման անվտանգության կանոնների խախտման համար:

Արթուր Ասոյանը հայտնեց, որ հսկողություն է իրականացվում նաև մանկապարտեզներում: «Այս պահի դրությամբ փակված մանկապարտեզ չկա, բայց մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ շուրջ 120 մանկապարտեզների հաճախելիությունը շատ ցածր է, ընդհանուր առմամբ, հաճախում է երեխաների շուրջ 8.3 տոկոսը»,- նշեց նա։

  • Կիսվել: