չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Շրջակա միջավայրի օրը «Դիլիջան» ազգային պարկում նշանավորվեց էկոկրթական միջոցառմամբ

Շրջակա միջավայրի օրը «Դիլիջան» ազգային պարկում նշանավորվեց էկոկրթական միջոցառմամբ

Այսօր «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»-ում գեղեցիկ բնապահպանական, էկոկրթական միջոցառմամբ ամփոփվեցին «Շրջակա միջավայրն առանց պլաստիկի» մրցույթի արդյունքները։

Կենտրոնի այցելուների և միջոցառման հյուրերի համար կազմակերպվել էր «Շրջակա միջավայրն առանց պլաստիկի» խորագրով նկարների և թափոնարվեստի ցուցադրություն։

Օրվա առթիվ շնորհավորական ուղերձներով և ողջույնի խոսքով հանդես եկան «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը, Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը։

«Նայելով երեխաների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքներին և նկարներին, և առհասարակ մանկական այս վարքագիծը բնության նկատմամբ, լցվում ենք մեծ հույսով, որ ապագայում բնության պահպանությունն ամուր ձեռքերում է։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ուսուցիչներին և մասնագետներին, ովքեր պատասխանատուն են ձեր աչքերում երևացող բնության պահպանությանը միտված ջանքերի։

Միայն էկոլոգիական կրթության որակի բարելավմանը, հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, հասարակության էկոլոգիական գիտակցության ձևավորմանն ուղղված քայլերը կարող են ապահովել անհատների և հասարակության գործունեության բոլոր ձևերում պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի հանդեպ` բարելավելով կյանքի որակը և առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը»,-նշել է Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը։

Միջոցառման տոնական մասի ավարտից հետո մրցույթի մասնակից երեխաներին տրվել են պատվոգրեր և խրախուսական նվերներ։

  • Կիսվել: