շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«Շողակաթի» հեռարձակումը դադարեցնելու հարց չկա. Հայրապետյան

«Շողակաթի» հեռարձակումը դադարեցնելու հարց չկա. Հայրապետյան

«Շողակաթը» պետք է շարունակի հեռարձակվել՝ մասնակցելով հանրային մուլտիպլեքսում լիցենզիա ստանալու նոր մրցույթին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Նախագծի հեղինակների հետ մեր քննարկումները մեզ մոտ հստակ այդ տպավորությունն են թողել, որ ոչ թե քննարկվում է հեռուստաալիքի հեռարձակման-չհեռարձակման հարցը, այլ ավելի շատ հեղինակները բարձրացնում էին պետական ֆինանսավորման հարցը։ Այսինքն՝ սլոթը պետք է կրկին մրցույթի դրվի, և մենք այդ համոզմունքն ունենք, որ «Շողակաթը» մասնակցելու է մրցույթին, զբաղեցնելու է այդ սլոթն ու շարունակելու է հեռարձակվել թե՛ հանրային մուլտիպլեքսի տարածքում, թե՛ ցանցային օպերատորների»:

Նախարարը կառավարության անունից հայտարարեց, որ «Շողակաթի» հեռարձակման հարց չի եղել։

Նրա խոսքով՝ կառավարությունը բարձր է գնահատում խոսքի ազատությունը. «Ցցուն օրինակն այն է, որ հանրային մուլտիպլեքսում մինչ այս պահը գործում են այնպիսի հեռուստաալիքներ, որոնք սաստիկ քննադատություններով են հանդես գալիս կառավարության, իշխող ուժի գործունեության հասցեին»:
Հայրապետյանը վստահեցրեց նաև, որ ապագայում ևս որևէ քննարկում չի լինելու այս կամ այն հեռուստաալիքից ազատվելու վերաբերյալ։ Նա հավաստիացրեց՝ քննարկումները վերաբերել են ֆինանսավորման մոդելին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ–ն հոկտեմբերի 24-ին ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը

  • Կիսվել: