շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՇՄՆ-ն իրականացնում է օդի որակի մշտադիտարկում՝ գնահատելու Նուբարաշենի աղբավայրի հրդեհի ազդեցությունը բնակչության առողջության վրա

ՇՄՆ-ն իրականացնում է օդի որակի մշտադիտարկում՝ գնահատելու Նուբարաշենի աղբավայրի հրդեհի ազդեցությունը բնակչության առողջության վրա

Շրջակա միջավայրի նախարարությունը սերտորեն աշխատում է Երևանի քաղաքապետարանի, Առողջապահության նախարարության և շահագրգիռ գերատեսչությունների հետ` գնահատելու Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած հրդեհի ազդեցությունը շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա։
Ներկայումս ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը Երևանում իրականացնում է մթնոլորտային օդի որակի մշտադիտարկումներ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
 
«Նմուշառումների լաբորատոր ուսումնասիրությունից հետո կտրվի մանրամասն տեղեկատվություն :
 
Մինչև այդ, խնդրում ենք հետևել Առողջապահության նախարարության հորդորներին և ցուցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր: Ավինյանը նշել էր, որ խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ:

Տիգրան Ավինյանի որոշմամբ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանն ազատվել է աշխատանքից։ 

  • Կիսվել: