շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՇՄ փոխնախարարը Կոստա Ռիկայի գործընկերոջ հետ խոսել է համահայկական ծառատունկի նախաձեռնության մասին

ՇՄ փոխնախարարը Կոստա Ռիկայի գործընկերոջ հետ խոսել է համահայկական ծառատունկի նախաձեռնության մասին

Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը Գլազգոյում Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի` COP26-ի շրջանակում հանդիպել է է Կոստա Ռիկայի Շրջակա միջավայրի և էներգետիկայի փոխնախարարի հետ։ Գործընկերները քննարկել են ոլորտին առնչվող խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ծրագրերի փորձի փոխանակում արել։
 
Փոխնախարար Աննա Մազմանյանը ներկայացրել է այն մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը շրջակա միջավայրի կառավարման ոլորտում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների պաշտպանություն, ապօրինի անտառհատումներ և այլն։
 
Նա խոսել է «10 մլն ծառ» համահայկական ծառատունկի նախաձեռնության մասին, ներկայացրել Հայաստանի հավակնոտ ծրագրերը անտառապատ տարածքների կրկնապատկման նպատակով։ Աննա Մազմանյանն ընդգծել է տնկարանների ստեղծման կարևորությունը երկրի անտառապատ տարածքների ավելացման ազգային նպատակին հասնելու ճանապարհին։ Այս համատեքստում փոխնախարարը կարևորել է նաև քաղաքացիների վարքագծի փոփոխության ուղղությամբ տարվող աշխատանքները։
 
Փոխնախարարը ներկայացրել է, որ կարևոր է նաև կանաչ աշխատատեղերի ստեղծումը։ Անտառներին հարակից բնակավայրերի բնակիչներին ներգրավելով անտառտնկման ու անտառվերականգնման սեզոնային, այնպես էլ երկարատև աշխատանքների մեջ էապես կնվազի ճնշումը անտառների վրա։ Փոխնախարար Մազմանյանը խնդրել է փորձի փոխանակում կազմակերպել էկոզբոսաշրջության և անտառվերականգնման ոլորտում։
 
Կոստա Ռիկայի շրջակա միջավայրի և էներգետիկայի փոխնախարար Սինթիա Բարզունան ներկայացրել է իր երկրում բնության հատուկ պահպանվող տարածքների կառվարման համակարգը, խոսել ապօրինի անտառհատումների դեմ պայքարի մեթոդների և անտառվերականգնման մասին։
 
Փոխնախարարը ներկայացրել է http://www.sitada.go.cr/denunciaspublico/map.aspx կայքը, որտեղ իրական ժամանակում կարելի է հետևել բնության հատուկ պահպանվող տարածքներին և անտառներին։ Ներկայացրել է էկոզբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը։
 
Կողմերը պայմանավորվել ենք առաջիկայում ակտիվ գրագրության և համագործակցության այլ եղանակների միջոցով գործուն փուլ մտցնել հանդիպման ընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները։

  • Կիսվել: