երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շիրակի մարզը միանում է «իԳործ» ծրագրին

Շիրակի մարզը միանում է «իԳործ» ծրագրին

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը օգոստոսի 31-ին ընդունեց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է «իԳործ» ծրագրով մարզ գործուղված Սոֆյա Սեյրանովնան։

«Շիրակի մարզպետարանը սիրով միանում է «իԳործ» ծրագրին և ուրախ ենք, որ Շիրակն առաջին մարզն է, որ միանում է ծրագրին։ Շատ կարևոր նախաձեռնություն է «իԳործ» ծրագիրը, որի միջոցով սերտանում է կապը մեր սփյուռքի հետ, ինչպես նաև սփյուռքահայ մասնագետներն էլ կարողանում են իրենց հմտություններն ու ջանքերը ներդնել մեր երկրի կառավարման գործում։ Շիրակի մարզպետարանը միշտ պատրաստ է համագործակցության, իսկ լավ կադրերին ու մասնագետներին մենք սիրով կհյուընկալենք ու կհամագործակցնենք»,- Զարեհ Սինանյանի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը շնորհակալություն հայտնեց մարզպետին ջերմ ընդունելության և համագործակցության համար և կարևորեց ծրագրի իրականացումը։

ՌԴ-ից Հայաստան ժամանած Սոֆյան մեկ տարի կաշխատի Շիրակի մարզպետարանում։ Սոֆյան բակալավրի և մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Սարատովի ազգային հետազոտական համալսարանում, աշխատել է տարբեր կազմակերպություններում և այժմ որոշել է տեղափոխվել Գյումրի՝ փորձն ու գիտելիքները ծառայեցնելու մարզպետարանի գործունեությանը: Մարզպետարանում նա աշխատելու է արտաքին կապերի և միջազգային հարաբերությունների ուղղությամբ:

«ի Գործ»-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներին աշխատել ՀՀ պետական կառավարման համակարգում: Նախորդ տարի ծրագրի շրջանակներում 19 երկրներից ժամանած 50 սփյուռքահայ մասնագետ աշխատեց 19 պետական օղակներում: Այս տարի ևս 50 մասնագետ կմիանա կառավարության աշխատանքներին:

  • Կիսվել: