հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շիրակի մարզում երկու նոր մանկապարտեզ կկառուցվի

Շիրակի մարզում երկու նոր մանկապարտեզ կկառուցվի

Շիրակի մարզի Հոռոմ համայնքի և Գյումրու «Զանգակ» մանկապարտեզները լինելու են երկհարկանի շենքեր։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։

Առաջին հարկում կլինի նախասրահ, հանդերձարան, տնօրենի սենյակ, մեկ խմբի համար սենյակներ (խաղասենյակ, ննջասենյակ, բուֆետ, սանհանգույց), ինչպես նաև անձնակազմի սենյակ` իր սանհանգույցով, բժշկի սենյակ, մեկուսարան` իր սանհանգույցով, խոհանոց, սննդի պահեստ, ջերմային հանգույց և լվացքատուն։ Երկրորդ հարկում տեղակայված կլինեն՝ նախասրահ, երկու խմբի համար սենյակներ և էվակուացիոն երկու եք։

Կոնստրուկտիվ համակարգերը նախատեսված են քարե կրող պատերով և միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաներով: Ծածկերը՝ միաձույլ երկաթբետոնից: Շենքերի տանիքների ծածկույթը՝ գունավոր մետաղակղմինդրից, կրող կոնստրուկցիաները՝ փայտյա: Նախատեսվում են ջրամատակարարման, կոյուղու և գազամատակարարման արտաքին և ներքին համակարգերի, ինչպես նաև ներքին էլեկտրասնուցման, ջերմամատակարարման, օդափոխության, ավտոմատ հակահրդեհային ազդարարման համակարգերի կառուցում:

Ջեռուցումը իրականացվելու է ջերմային հանգույցում տեղադրվող` պատի տուրբո երկու կաթսաներով: Տաք ջրամատակարարումն իրականացվելու է արևային ջրատաքացուցիչների միջոցով, որոնք տեղադրվելու են մանկապարտեզների տանիքներում: Ծրագրով նախատեսվում է նաև տարածքների բարեկարգում ու ցանկապատում, շենքերի շուրջ սալվածքի իրականացում, խաղահրապարակների, անցուղիների և ներտարածքային ճանապարհների կառուցում: Մանկապարտեզները նախատեսված են 75 երեխայի համար։

Շիրակի մարզի Փանիկ համայնքում նախատեսվում է մանկապարտեզի շենքի սեյսմակայունության ապահովում, հիմնանորոգում՝ նոր հատակագծով։

Մասնավորապես` կիրականացվեն հատակի, ներքին և արտաքին հարդարման, դռների և պատուհանների փոխարինման աշխատանքները: Ամբողջովին կփոխարինվեն ներքին և արտաքին ինժեներական ցանցերն ու սարքավորումները:

Վերակառուցվում են ջրամատակարարման և կոյուղու ներքին ու արտաքին համակարգերը, նախատեսվում է օդափոխություն, հակահրդեհային համակարգերի տեղադրում, կփոխվեն ներքին էլեկտրատեխնիկական սարքավորուներն ու մալուխները: Ջեռուցումը կիրականացվի հոսանքով` պատի պանելային մարտկոցներով: Տաք ջրամատակարարումը կիրականացվի էլեկտրական ջրատաքացուցիչով: Արտաքին պատերը կջերմամեկուսացվեն, կսվաղվեն և կներկվեն։ Արտաքին պատերի ստորին հատվածները երեսապատվում են բազալտե սալերով: Շենքի պարագծով նախատեսվում է «բրեկչ» ատիպի սալվածք: Տարածքն ասֆալտապատվում է: Մանկապարտեզը նախատեսվում է 80 աշակերտի համար։

Մանկապարտեզները կկառուցվեն ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի առաջին բաղադրիչի լրացուցիչ ֆինանսավորմամբ՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով։ Այս պահին ընթանում է մրցույթների արդյունքների գնահատման գործընթացը։ Շինարարական աշխատանքները կմեկնարկեն հուլիսին։

Նույն ծրագրի շրջանակներում Գյումրիում ընթացքի մեջ են  «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները:

  • Կիսվել: