ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Շիրակի մարզպետի գլխավորությամբ Արթիկի համայնքապետարանում տեղի է ունեցել արտագնա խորհրդակցություն

Շիրակի մարզպետի գլխավորությամբ Արթիկի համայնքապետարանում տեղի է ունեցել արտագնա խորհրդակցություն

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ Արթիկի համայնքապետարանում այսօր տեղի է ունեցել արտագնա խորհրդակցություն՝ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, մարզային ու համայնքային իշխանությունների պատասխանատուների մասնակցությամբ:

Շիրակի մարզպետը ողջույնի խոսքում նշել է, որ համայնքային այցելությունները նպատակ ունեն համատեղ աշխատանքն առավել սերտացնելու և համագործակցության միջոցով առկա խնդիրները օր առաջ լուծելու․ «Ինձ համար կարևոր է այցելել համայնքներ, անմիջական քննարկումներով ու շփումներով է, որ կկարողանանք առավել արագ գտնել համայնքային խնդիրների լուծման ուղիներն ու համատեղ աշխատանքով քայլ-քայլ գնալ առաջ։ Մեր նպատակը մեկն է՝ օր առաջ հասնել հոգսերի թեթևացման, բարձրացված հարցերի լուծման»։

Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին այցի համար, հավելել, որ այսօրինակ քննարկումները իրապես նպաստում են համատեղ կառուցողական աշխատանքի ամրապնդմանն ու համայնքի և նրա բնակավայրերի խնդիրների լուծմանը։

Խորհրդակցության մեկնարկին անդրադարձ է կատարվել 2023 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերին։ Արթիկ համայնքում, ըստ պայմանագրային արժեքի, իրականացվել/իրականացվում են 602․9 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, գումարի 64,4 տոկոսը ՀՀ կառավարության ներդրումն է եղել։ Մարզպետին է զեկուցվել, որ համայնքի կողմից 2024֊ին, ըստ նախնական տվյալների, շուրջ 1 մլրդ 549 մլն դրամի 7 սուբվենցիոն ծրագրեր են ներկայացվել։

Ներկայացվել են Արթիկ քաղաքի 15 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, ճանապարհաշինական, մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման աշխատանքների իրականացում։ Կարևորելով պետական բյուջեի յուրաքանչյուր լումայի նպատակային ծախսումը՝ մարզպետը պատասխանատուներին հորդորել է սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել հենց առաջնային լուծում պահանջող խնդիրների համար, ուշադրություն դարձնել ծրագրային փաթեթներին՝ անճշտությունները բացառելով, աշխատանքներն իրականացնելիս լինել աչալուրջ, դրանք կատարել որակով և ժամանակին։

«Սուբվենցիոն ծրագրեր իրականացնելիս ավել բան չենք պահանջում, բայց պակաս էլ չենք ուզում ստանալ, նպատակը մեկն է՝ ինչ կառուցում ենք՝ կառուցենք առանց թերացումների, ինչ կառուցում ենք՝ կառուցենք նախագծի համաձայն ու ժամկետների մեջ, մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում պետական ու համայնքային միջոցները ծախսենք ամենայն պատասխանատվությամբ ու հետևողականությամբ»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։

Սեփական եկամուտների հավաքագրմանն ուղղված աշխատանքների ինտենսիվությունը կարևորելով՝ Մուշեղ Մուրադյանը բարձր է գնահատել համայնքապետարանի աշխատանքներն այս ուղղությամբ՝ ընդգծելով, որ եկամուտների հավաքագրումը կնպաստի համայնքի զարգացմանը, գումարները կուղղվեն համայնքային խնդիրների լուծմանը։

Այստեղ մարզպետը կարևորել է նաև առկա անշարժ գույքը հարկային դաշտ բերելն ու հարկային պարտավորություններից խուսափող սուբյեկտների նկատմամբ օրենքով սահմանված քայլեր իրականացնելը։ Հանդիպմանն անդրադարձ է եղել համայնքում առողջապահական, կրթական-մշակութային ոլորտներին առնչվող, ինչպես նաև ընթացիկ մի շարք այլ հարցերի։

  • Կիսվել: