հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Շինարարական նորմերն արդիականացվում են

Շինարարական նորմերն արդիականացվում են

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է արդիականացնել շինարարական նորմերը: Միայն 2021-2022 թթ. ծրագրում ընդգրկվել է 20 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ, որոնցից 13-ն արդեն հրապարակվել է, 3-ի մշակման աշխատանքներն ավարտվել են, մեկնարկել հաստատման ընթացակարգերը, ևս 4-ը մշակման փուլում է: Մեծ թվով նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակմանը զգալի նպաստել է վերջին 3 տարում պետական բյուջեով հատկացվող գումարի ավելացումը:

Հաշվի առնելով հանրապետությունում մեծ թվով մանկապարտեզների կառուցման ծրագիրը՝ կոմիտեի պատվիրատվությամբ սեղմ ժամկետում մշակվել և օրեր առաջ հրապարակվել են նախադպրոցական հաստատությունների նախագծման նորմերը:

Նոր տեխնոլոգիաների ի հայտ գալուն զուգընթաց մշակվել և հաստատվել է ոչ մետաղական կոմպոզիտ ամրանների կիրառման կանոնների հավաքածուն, ինչը լավ հնարավորություն է ստեղծում բազալտի մանրաթելի տեղական արտադրության խթանման համար: Ավելի վաղ տեղայնացվել էին կապիտալ շինարարության մեջ կիրառվող հիմնական նյութերին վերաբերող քաղաքաշինական առանցքային՝ «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» և «Պողպատե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերը:

Մշակված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մյուս խումբն էլ վերաբերում է շինարարական գործընթացներին: Միջազգային փորձի հիման վրա արդիականացվել են շենքերի և շինությունների նախագծման, շինարարության իրականացման և անվտանգության տեխնիկայի վերաբերյալ պահանջները:

Մշակման կամ արդիականացման ենթակա նորմերի ցանկը կազմելիս Քաղաքաշինության կոմիտեն հաշվի է առնում պետական գերատեսչություններից ստացվող առաջարկությունները՝ տարբեր ոլորտների կարգավորումների թերի կամ ժամանակավրեպ լինելու վերաբերյալ, արտադրողների և ներմուծողների առաջարկները, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ու նյութերի կիրառման հնարավորությունները: Նորմատիվ փաստաթղթերի պարբերաբար վերանայումը թույլ է տալիս կատարելագործել քաղաքաշինական գործունեության կազմակերպումը՝ ապահովելու համար շինությունների անվտանգությունը, սեյսմակայունությունը, երկարակեցությունը, էներգաարդյունվետությունը, նախագծային և շինարարական աշխատանքների որակի բարձրացումը, էկոլոգիական պահանջներին բավարարող տեխնոլոգիաների զարգացումը:

2022 թ. հրապարակված նորմերի ցանկ

  1. ՀՀՇՆ 30-02-2022 «Տարածքի բարեկարգում»
  2. ՀՀՇՆ 31-04-2022 «Տանիքներ և տանիքածածկեր»
  3. ՀՀՇՆ 31-03.02-2022 «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ»
  4. ՀՀՇՆ 31-03.03-2022 «Վարչական և կենցաղային շենքեր» 
  5. ՀՀՇՆ 40-01.03-2022 «Կոյուղի. արտաքին ցանցեր և կառուցվածքներ»
  6. ՀՀՇՆ 13.01-2022 «Գեոդեզիական աշխատանքները շինարարությունում»
  7. ՀՀՇՆ 13-02-2022 «Անվտանգության տեխնիկա շինարարությունում»
  8. ՀՀՇՆ 21-02-2022 «Պահեստներ նավթի և նավթամթերքի. նախագծման նորմեր»
  9. ՀՀՇՆ 20-05-2022 «Շինարարական կոնստրուկցիաների պաշտպանությունը կոռոզիայից»
  10. ՀՀՇՆ 34-01-2022 «Նավթի, նավթամթերքի և հեղուկ գազի ստորգետնյա պահեստարաններ»
  11. ՀՀԿՀ 52-101-2022 «Շինարարական բետոնե և գեոտեխնիկական կոնստրուկցիաներում ոչ մետաղական կոմպոզիտ ամրանների կիրառման կանոնների հավաքածու»
  12.  ՀՀՇՆ 13-03-2022 «Կրող և պատող կոնստրուկցիաներ»
  13.  ՀՀՇՆ 31-03.04-2022 «Նախադպրոցական հաստատությունների շենքեր. նախագծման նորմեր»

  • Կիսվել: