հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեծ Բրիտանիայում վերջին 24 ժամում չորս նախարար է հրաժարական տվել

Մեծ Բրիտանիայում վերջին 24 ժամում չորս նախարար է հրաժարական տվել

Վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայում հրաժարական է տվել չորս նախարար: Դպրոցների գծով պետնախարար Ռոբին Ուոքերը հայտարարել է, որ հրաժարական է տալիս նախկին փոխարտգործնախարար Քրիստոֆեր Պինչերի նշանակման հետ կապված սկանդալի պատճառով:

Ուոքերը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ուղղված նամակ է գրել, որը հրապարակել է իր թվիթերյան էջում՝ հայտարարելով իր հրաժարականի մասին։ Նա, ամսնավորապես, նշել է. ՛՛Ցավոք, վերջին իրադարձություններն ինձ ցույց տվեցին, որ մեր հիանալի կուսակցությունը, որին ես պաշտպանել եմ իմ ողջ հասուն կյանքը, շեղվել է իր հիմնական առաքելությունից՝ ղեկավար պաշտոնների խնդիրների վրա անդադար կենտրոնանալու պատճառով… Ցավոք, վերջին ամիսներին սխալները ստվերում են ձեր կառավարության մեծ ձեռքբերումները… թեև ես չեմ կարող մտածել ավելի լավ կամ ավելի օգտակար աշխատանքի մասին, քան այն, ինչ անում եմ, սակայն սթափ մտքով չեմ կարող շարունակել աշխատել ձեր կառավարությունում՛՛:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախքան այս Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը և առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդն հայտարարել էին, որ հրաժարական են տալիս վարչապետ Բորիս Ջոնսոնի նկատմամբ անվստահության և նրա ղեկավարման մեթոդների հետ անհամաձայնության պատճառով։ Նմանատիպ որոշման մասին հայտնել են մի շարք այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի երեխաների և ընտանիքների հարցերով նախարար Ուիլ Քվինսը:

Բացի այդ՝ անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի նախկին փոխարտգործնախարար Քրիստոֆեր Պինչերը նախկինում լոնդոնյան ակումբներից մեկում հարբած վիճակում ծեծկռտուք էր կազմակերպել։ Մի շարք քաղաքական գործիչներ պնդում են, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը Պինչերին նշանակել է Պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխհամակարգողի պաշտոնում, թեև իմացել է նրա տխրահռչակ անցյալի մասին։

Ջոնսոնը ներողություն է խնդրել և խոստովանել, որ ՛՛հետ նայելով՝ գիտակցում է, որ սխալ բան է արել՛՛, սակայն այս հայտարարությանը հաջորդել են մի շարք հրաժարականներ՝ վարչապետի նկատմամբ անվստահության պատճառով։

  • Կիսվել: