երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շառլ Ազնավուրի հրապարակի աստղային ճեմուղում Լև Ատամանովի և Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղեր կբացվեն

Շառլ Ազնավուրի հրապարակի աստղային ճեմուղում Լև Ատամանովի և Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղեր կբացվեն

«ՌեԱ» միազգային 15-րդ փառատոնի շրջանակում «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի աստղային ճեմուղում տեղադրել է հայ անիմացիայի հիմնադիր Լև Ատամանովի և մեծանուն անիմատոր Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղերը։

Անվանական հուշաստղերի բացման հանդիսավոր միջոցառմանը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին։

Միջոցառմանը ներկա են լինելու ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, Վալենտին Պոդպոմոգովի հարազատները։

«ՌեԱնիմանիա» միջազգային 15-րդ կինոփառատոնը մշտապես իր ուշադրության ներքո է պահել հայկական անիմացիոն պատմության տարածումն ու զարգացումը։ Ուստի պատահական չէ, որ այս տարի հոբելյանական 15-րդ փառատոնը նվիրված է հայ կինոյի 100 և հայկական անիմացիայի 85-ամյակներին։

Լև Ատամանովը խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր է ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ։ Խորհրդային մուլտիպլիկացիոն կինոյի հիմնադիրներից մեկն է։ Աշխատել է Հայասատնում, որտեղ նկարահանել է «Շունն ու կատուն» (1938) և «Կախարդական գորգ» (1948) մուլտիպլիկացիոն ֆիլմերը։ «Շունն ու կատուն» առաջին հայկական մուլտիպլիկացիոն ֆիլմն է։ Նրա «Դեղին արագիլը» (1950), «Ալվան ծաղիկը» (1952), «Ոսկե այծքաղ» (1954), «Շունն ու կատուն» (1955), «Ձյունե թագուհին» (1957) և այլ ֆիլմեր պարգևատրվել են տարբեր միջազգային կինոփառատոնների, այդ թվում Կաննի կինոփառատոնի մրցանակներով և պատվավոր դիպլոմներով։ «Գավ անունով փիսիկը» մուլֆիլմաշարի ռեժիսորն է։
Վալենտին Պոդպոմոգովը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ է, ռեժիսոր։ Աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում որպես նկարիչ։ 1960-ականներին նպաստել և մեծ ավանդ է ունեցել հայկական մուլտֆիլմի զարգացման գործում:

«ՌեԱ» փառատոնն ունի հատուկ հայկական անիմացիոն ֆիլմերին նվիրված հատված՝ «Ռետրոսպեկտիվ» ցուցադրությունները, որոնք այս տարի նվիրված են հայ անիմացիոն արվեստի լեգենդներից վեցին՝ Լև Ատամանովին, Վալենտին Պոտպոմոգովին, Ռաֆայել Բաբայանին, Ստեփան Անդրանիկյանին, Ռոբերտ Սահակյանցին, և Յուրա Մուրադյանին։

Բոլոր ցուցադրությունները լինելու են ԹՈՒՄՈ կենտրոնում (Հալաբյան 16) ժամը 16:00-17:00: Ստորև ցուցադրությունների ժամանակացույցը.

 

• 23.10, Լև Ատամանովի՝ Մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
• 24.10, Ի հիշատակ Վալենտին Պոտպոմոգովի՝ Նկարրիչ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր
• 25.10, Ի հիշատակ Ռաֆայել Բաբայանի՝ Թատերական նկարիչ, ռեժիսոր, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
• 26.10, Ի հիշատակ Ստեփան Անդրանիկյանի՝ անիմատոր
• 27.10, Ի հիշատակ Ռոբերտ Սահակյանցի՝ Անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր, ՀՀ ժողովրդական արտիստ
• 28.10, Ի հիշատակ Յուրա Մուրադյանի՝ անիմացիոն ռեժիսոր
Յուրաքանչյուր ֆիլմի դիտումից հետո լինելու է քննարկում, որը վարելու է արվեստաբան Անի Սարդարյանը:
ԹՈՒՄՈ կենտրոնում ցուցադրությունների մուտքն ազատ է։

  • Կիսվել: