ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան

Սևանա լճի ափամերձ տարածքներում կա 3800 ապօրինի շենք-շինություն՝ բոլորը ենթակա ապամոնտաժման. Ռոմանոս Պետրոսյան

«Սեւան» ազգային պարկի տարածքում՝ Սեւանա լճի ափամերձ գոտում ունենք ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դրվագ, ևս 150 պայմանագրային վարձակալությամբ գործունեության դեպքեր՝ առանց պետական գրանցման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Եւ վերջապես՝ տասնամյակներով վարձակալության եւ կառուցապատման իրավունքով գործող շուրջ 1000 տնտեսվարող՝ ում գործունեության բնույթը, իրավաչափությունն ու սահմանված կարգին համապատասխանությունը դեռ պետք է ուսումնասիրվի միջնաժամկետ կտրվածքով:

Սա միայն ափամերձ հողերի մասով։

Իսկ բնության հատուկ պահպանվող՝ ափամերձ տարածքներում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3.800 հատ է՝ բոլորը ենթակա ապամոնտաժման եւ քանդման։

Կարճաժամկետ հեռանկարում մեր առաջնային խնդիրն է՝ պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից ու կենսական կարեւորության այս ոլորտում հաստատել օրենքի գերակայություն:

Այս ամենի գերնպատակը մեկն է՝ վերականգնել մեր բնաշխարհի անգնահատելի գոհարի՝ Սեւանա լճի էկոհամակարգը»,- գրել է նա։

Ավելի վաղ նախարարը մանրամասներ էր ներկայացրել «Սևան» ազգային պարկ կատարած աշխատանքային այցից:

«Հանդիպում-քննարկում ունեցա ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակազմի հետ, ծանոթացա Սևանի ջրային ավազանի տասնամյակներ կուտակված էկոլոգիական հիմնախնդիրներին:

Սևանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը մեր ամենակարևոր ու անհապաղ լուծումներ պահանջող խնդիրն է, քանի որ այսօր խմելու ջուրը, թերևս, ամենաթանկն է աշխարհում: Շրջայց կկատարեմ Սևանի ավազանի հանրային լողափ, ապա ստուգայցով կլինեմ լճի այլ ափերում, որտեղ այժմ ընթանում են առափնյա անտառածածկ հատվածների մաքրման աշխատանքներ, տեղում կդիտարկեմ առկա իրավիճակը»,- գրել էր նախարարը։

  • Կիսվել: