երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սևանի ափին գործող «Up side» լողափի մոտ երիտասարդների ծեծկռտուքի հետևանքով 22-ամյա տղան գիտակցության չգալով մահացել է

Սևանի ափին գործող «Up side» լողափի մոտ երիտասարդների ծեծկռտուքի հետևանքով 22-ամյա տղան գիտակցության չգալով մահացել է

Օգոստոսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այդ օրը «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի թիվ 1 հանրային լողափից «Ալկոհոլային ինտոկսիկացիա և կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Ս.-ն է: Ըստ բժիշկների նա ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվել է վիրահատարանում, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրան Սևանի բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մինչ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները մի քանի օր շարունակ պարզում էին դեպքի հանգամանքները, օգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին տեղեկացնում են, որ Դավիթ Ս.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է: 

Արդեն օգոստոսի 22-ին Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քննչական բաժնում ստացվում է ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտական կենտրոնի, դատաբժշկական փորձագետի նախնական եզրակացությունը, համաձայն որի Դավիթ Ս.-ի դիակի դատաբժշկական փորձանքննության իրականացման ընթացքում վերջինիս դիակի գլխի, ճակատի  և շրթունքի մասերում եղել են վնասվածքներ և նրա մոտ հայտնաբերվել է գանգուղեղային տրավմա և ինշեմիկ ինսուլտի ախտանիշներ:

Նույն օրը Սևանի քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ՝ ՀՀ Քր. Օր.-ի 166 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի հատկանիշներով: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ԹԴՏ բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, թե ինչ հանգամանքներում է Դավիթ Ս.-ն հայտնվել  հիվանդանոցում: 

Գ. Շամշյանի տեղեկություններով պարզվել է, որ Երևանի բնակիչ  20-ամյա Մարատ Հ.-ն   իր ընկերներ Դավիթ Ս.-ի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Հովհաննես Դ.-ի, ՌԴ քաղաքացի 26-ամյա Գլեբ Ս.-ի և 20-ամյա Գեորգի Շ.-ի (ում բնակության վայրը ճշտվում է), օգոստոսի 6-ին ժամը 06:00-ի սահմաններում գտնվել են Սևան քաղաքի հարևանությամբ գտնող «Up side» լողափից մոտ 500-800մ հեռավորության վրա, որտեղ Դավիթ Ս.-ի և Գլեբ Ս.-ի միջև ծագել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշուկի, որի ժամանակ Դավիթ Ս.-ն և Գլեբ Ս.-ն վայր են ընկել գետնին, ինչի հետևանքով Դավիթ Ս.-ն գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածք, որից հետո վիճաբանությունը շարունակվել է, որի ժամանակ Գլեբ.Ս.-ն բռունցքով հարվածել է Դավիթ Ս.-ի ծնոտին և վերջինս, կորցնելով գիտակցությունը, վայր է ընկել:

Այնուհետև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների և ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ ձեռնարկում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ ու օգոստոսի 22-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտից ձերբակալում են մյուս մասնակիցներից Մ. Հարությունյանին, իսկ Աբելյան փողոցում՝ մյուս մասնակից Գ. Շահրամանյանին:

Վերջիններս տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժին, ապա ներկայացվում են Սևանի քննչական բաժին: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Շահրամանյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է, իսկ Մ. Հարությունյանը բաց է թողնվել: 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Հովհաննես Դ.-ին  և Գլեբ Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ: 

  • Կիսվել: