երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Սևանա լճի վերաբերյալ հայ-գերմանական համատեղ եռամյա հետազոտության արդյունքները» խորագրով ամփոփիչ հանդիպում՝ ՀՀ ԳԱԱ-ում

«Սևանա լճի վերաբերյալ հայ-գերմանական համատեղ եռամյա հետազոտության արդյունքները» խորագրով ամփոփիչ հանդիպում՝ ՀՀ ԳԱԱ-ում

Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Սևանա լճի վերաբերյալ հայ-գերմանական համատեղ եռամյա հետազոտության արդյունքները» խորագրով ամփոփիչ հանդիպում։

Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՇՄՆ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, Գերմանիայի Շրջակա միջավայրի հետազոտությունների Հեմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի ղեկավար Կառստեն Ռինկեն, EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը, ներկայացուցիչներ «Սևան» ազգային պարկից, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից։

Հանդիպման ժամանակ ներկայացվել են «SEVAMOD2․ Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» ծրագրի արդյունքները։

Ծրագիրը ֆինանսավորվել է Գերմանիայի կրթության և գիտության դաշնային նախարարության կողմից և իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ։

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր ելույթում անդրադարձել է ծրագրի գրանցած արդյունքներին և Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ու պահպանությանն ուղղված միջոցառումների համատեքստում դրանց կարևորությանը․

«Ստացված արդյունքների հիման վրա հնարավոր կլինի հասկանալ Սևանա լճի հիդրոդինամիկ առանձնահատկությունները, կլիմայի փոփոխության տարբեր սցենարներով գետային ներհոսքի և ջրային հաշվեկշռի մնացած տարրերի գնահատումը թույլ կտա պատկերացում ունենալ լճի ապագա դինամիկ պաշարների և ջրի որակի վերաբերյալ և ի վերջո շարունակական հետազոտությունների արդյունքների հիման վրա հնարավոր կլինի մշակել Սևանա լճի կառավարման գիտահեն հայեցակարգ»,- նշել է Արամ Մեյմարյանը։

Աշխատաժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ գիտական կենտրոնների, Հեմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի գիտաշխատողները, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ներկայացուցիչները հանդես եկան զեկուցումներով՝ ներկայացնելով Սևանա լճի քիմիական կազմի վերաբերյալ վերջին բացահայտումները, Սևանա լճում ֆիտոպլանկտոնի բնութագրումը, զոոպլանկտոնի ներկա վիճակը, Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգի մեխանիզմները, Սևանա լճի մոդելավորումը, լճի հիդրոքիմիական և իզոտոպային վերլուծությունները, EU4Sevan ծրագրի արդյունքները։

  • Կիսվել: