ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սամվել Մարտիրոսյանը հայտնում է փաստաթղթերի հերթական արտահոսքի մասին

Սամվել Մարտիրոսյանը հայտնում է փաստաթղթերի հերթական արտահոսքի մասին

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հերթական գրառումն է կատարել փաստաթղթերի արտահոսքի վերաբերյալ։

Նա, մասնավորապես, գրել է.

«Կներեք, բայց էլի ես եմ։ Բաց տեսքով հրապարակվել են 103 մահվան վկայական։ Էս անգամ, արդարադատության նախարարությունից ինչ-որ արտահոսք ա։ 2019 թվականի փաստաթղթեր են»,- գրել է նա։

Նշենք, որ ավելի վաղ Սամվել Մարտիրոսյանը գրել էր՝ «Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց եւ տանել 55 տերաբայթ տեղեկատվություն»։

Դրան հաջորդեց մեկ յալ գրառում։ ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Ասեմ ձեզ, որ ադրբեջանական հաքերները (արդեն խնդալս գալիս ա էս բառակապակցությունը տպելուց) հրապարակել են «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալները։ Նենց չի, որ շատ վախենալու դեպք ա, բայց դե արդեն, կարծես, վարյետեում տոմս ծախող լինեմ»:

Նշենք, որ այս գրառումներին արձագանքեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։ Սա սակայն չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին։

ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները նշված լուսապատճենի ծագումը պարզելու եւ պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ»։

  • Կիսվել: