չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սամցխե-Ջավախքի հայությունը Հայաստանի սահմանին կանգնած զինվորի հետ է

Սամցխե-Ջավախքի հայությունը Հայաստանի սահմանին կանգնած զինվորի հետ է

Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ Տեր Հակոբ աբեղա Սահակյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Այս մասին տեղեկանում ենք akhaltskha.net-ից:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Սամցխե-Ջավախքի հայությունը ինչպես միշտ, այս օրերին ևս հոգով ու մտքով Հայաստանի, սահմանին կանգնած զինվորի հետ է, խաղաղության ու խաղաղ համակեցության իր քարոզներով։

Հարյուրամյակների ընթացքում հենց խաղաղություն ու ներդաշնակ համակեցություն ապահովելու նպատակ է ունեցել Հայ առաքելական սուրբ եկեղեցու գործունեությունը, ներդաշնակություն ոչ միայն հայ ժողովրդի տարբեր հատվածների, այլ նաև տարբեր ժողովուրդների միջև։

Այստեղ, Ջավախքում և Սամցխեում մենք ուշիուշով հետևում ենք նաև «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ ծավալվող զարգացումներին, ընթերցում ու քննարկում ենք և հայրենի իշխանությունների ներկայացուցիչների և հոգևոր հայրերի խոսքը, կարծիքներն ու առաջարկությունները։ Հետևում ենք, համոզված լինելով, որ լուծումները, որ կգտնվեն, պետք է լինեն միայն ու միայն խաղաղության ու ներդաշնակության համատեքստում, փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունների համատեքստում։

Ադրբեջանական հերթական հարձակումը ցույց տվեց, որ միայն միասնությամբ ենք մենք ապահովել ու ապահովելու հաղթանակներն ու շարունակելու մեր ընթացքը որպես համաշխարհային քաղաքակրթության ներկապնակի ամենաարտահայտված գույներից մեկը։

Միասնություն, որ միշտ ներառել է միտքը, ոգին և բազուկը։

Առանց այս երեք սյան ու դրանցից որևէ մեկի միասնությունը խաթարվում է, ավելանում են վտանգներն ու գլուխ են բարձրացնում մեր «ոչ բարեկամ» հարևանները։

Մեր խնդիրը չէ հայրենի իշխանություններին խրատներ տալը, թե ինչպես պետք է կազմակերպվեն կրթական ծրագրերը հայկական դպրոցներում։ Ի վերջո Հայաստանում քրիստոնեական կրթության հնարավորություններն ամենուր են՝ եկեղեցիներից, վանքերից մինչև խաչքարեր ու մատուռներ։

Մեր ցանկությունն այն է, որ բոլոր որոշումները որ պետք է կայացվեն, լինեն քննարկումների, փոխադարձ հարգանքի, փոխադարձ փաստարկումների վրա խարսխված։

Ներսում՝ Հայաստանի Հանրապետությունում այս խնդիրը կարող է կարևոր չհամարվել։

Դրսում՝ Վրաստանում, Ռուսաստանում ու Ամերիկայում, աշխարհասփյուռ հայության շրջանակներում փոխադարձ հարգանքը առավել քան կարևորվում է։

Մենք Հայրենիքը տեսնում, սիրում, կարևորում ենք հենց այս միասնության ու փոխադարձ հարգանքի շրջանակներում։

Մենք ուժեղ ենք, որովհետև ամուր են մեր ոգին՝ ի դեմս եկեղեցու, միտքը՝ ի դեմս հայրենի իշխանությունների և բազուկը՝ ի դեմս հայոց հաղթական բանակի։

Ուստի հորդորում ենք․ մի խաթարեք այս եռամիասնությունը։

Այն չափազանց կարևոր է աշխարհասփյուռ հայության համար, այն մեզանից յուրաքանչյուրի ինքնության հիմքն է ու բանաձևը՛՛:

  • Կիսվել: