Սահմանային անցման կետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտք երկիր
Տոնական օրերին Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն աշխատել է ուժեղացված ռեժիմով։ Հայտնում են տեսչական մարմնից։
Ելնելով հանգստի շրջանում երկրից մեկնողների ու երկիր ժամանողների մեծ հոսքից՝ սահմանային հսկիչ կետերում, հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի եւ Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեղացված հսկողություն է իրականացվել երկիր ժամանողների հանդեպ՝ ուշադրության առնելով վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական նշանները եւ ավտոմատ ջերմաչափում կատարելով։
ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի համաճարակաբանները Բավրայի եւ Այրում- Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկման կետերում 5 անձի մոտ արձանագրել են բարձր ջերմության առկայություն, որոնցից մեկի մոտ դա ուղեկցվել է նաեւ անհայտ ցանավորմամբ։
Տվյալ անձանց մոտ ջերմության առկայության մասին տեղեկացվել է համապատասխան տարածքային պոլիկլինիկաներին՝ նրանց հետագա վիճակը հսկողության տակ պահելու նկատառմամբ: