շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Սահմանապահ» Խորանաշատ վանական համալիրն ընդգրկվել է Եվրոպական ժառանգության խոցելի հուշարձանների ցանկում

«Սահմանապահ» Խորանաշատ վանական համալիրն ընդգրկվել է Եվրոպական ժառանգության խոցելի հուշարձանների ցանկում

Եվրոպական ժառանգության 14 օբյեկտներ ընդգրկվել են 2020 թվականի «7 Most Endangered» ծրագրի ցանկի մեջ, որոնց թվում է նաև Տավուշ աշխարհի գոհար Խորանաշատ վանական համալիրը:

Europa Nostra միջազգային կազմակերպությունը պաշտպանում է Եվրոպայի մշակութային և բնական ժառանգությունը, իրականացնում Եվրոպայում ոչնչացման վտանգի տակ գտնվող հուշարձանների, տեղանքների ու լանդշաֆտների փրկարարական ակցիաներ, մասնավորապես` «7 Most Endangered» (7 առավել վտանգված) ծրագրի շրջանակներում: «7 առավել վտանգված» ծրագիրը մեկնարկել է 2012 թ. հունվարին, որի հիմնական նպատակներից էր միևնույն գաղափարի շուրջ միավորել մասնավոր և պետական մի շարք կազմակերպությունների՝ բացահայտելու ժառանգության պահպանության համար ֆինանսական նոր աղբյուրներ։ Վերջնական յոթնյակի ընտրությունից հետո «Եվրոպա Նոստրայի» ժառանգության փորձագետներից, կազմակերպության անդամներից, ինչպես նաև ֆինանսական ու տեխնիկական մասնագետներից բաղկացած թիմն այցեր է կատարում բոլոր 7 ընտրված վայրերով, որտեղ տեղի մասնագետների հետ միասին անցկացվում են ուսումնասիրություններ և մշակվում են կոթողները փրկելու նախագծեր։

Միջազգային 15 փորձագետներից կազմված հանձնախումբն այս տարի ընտրել է ժառանգության առավել խոցելի օբյեկտները ՝ հիմնվելով նրանց պատմական և մշակութային արժեքների, դրանց ոչնչացմանը միտված սպառնալիքների վտանգի հրատապության վրա:

Խորանաշատ վանական համալիրը միջնադարյան հայկական ճարտարապետության յուրօրինակ նմուշ է, որը հայտնաբերվել է երկրի հյուսիս-արևելքում՝ Ադրբեջանի հետ սահմանին շատ մոտ: Համալիրը շրջապատված է անտառային լանդշաֆտով: Նախկինում դա մի ուշագրավ մշակութային կենտրոն էր, որն ընդգրկում էր իր մեջ վանք և համալսարան: Այսօր այն շարունակում է գործել որպես միակ ուխտատեղի՝ մերձակա Չինարի և Այգեձոր գյուղերի համար:

Միջնադարում կառուցված բազմաթիվ շինություններից պահպանվել են միայն Սուրբ Աստվածածին եկեղեցին և Սբ․Կիրակի մատուռը:
«Խորանաշատ» նախագծի նախաձեռնողն ու իրականացնողը շվեյցարական «Il Germoglio» հիմնադրամն է՝ հիմնադիր նախագահ Թերեզա Մխիթարյանի գլխավորությամբ: Պատմամշակութային հուշարձանը «7 Most Endangered» ծրագրում առաջադրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից։

Եվրոպական ժառանգության 7 առավել խոցելի արժեքների վերջնական ցուցակը Europa Nostra-ն կհրապարակի 2020 թվականի մարտին:

  • Կիսվել: