հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվում է նոր կամուրջ

Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվում է նոր կամուրջ

Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբետ գետի վրա մեկնարկեցին նոր կամրջի շինարարական աշխատանքները։

Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվող նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելա Մուրադյանը հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ հին կամուրջը վնասված է և տեխնիկապես այլևս ի վիճակի չէ սպասարկել Սադախլո-Բագրատաշեն անցման կետի ապրանքաշրջանառության և ուղևորափոխադրումների ծավալը, և բոլոր ծանրաքաշ մեքենաները հիմնականում մշտապես կանգնած են հերթերում, ուստի և տեխնիկական իմաստով, և ավելացվող ապրանքաշրջանառության ու ուղևորափոխադրումների իմաստով, ինչպես նաև ստրատեգիական նշանակության տեսանկյունից անհրաժեշտ էր ավելի մեծ թողունակություն, ավելի արագ և ավելի տեխնիկապես հագեցած ենթակառուցվածք ունենալը։

Մուրադյանը հայտնեց, որ նոր կառուցվող կամուրջը կազմված է երկու կամրջից, յուրաքանչյուրը՝ մեկ ուղղությամբ, երկու երթևեկելի գոտիներով, ջրահեռացման ու լուսավորության համակարգերով։ Նոր կամուրջն ավելի հարմարավետ է լինելու երթևեկության համար, կկարողանա սպասարկել շատ ավելի մեծ ծանրաբեռնվածություն՝ անվտանգ դարձնելով բեռնատար ու մարդատար մեքենաների շարժը:

«Կամուրջը լինելու է 160 մետր երկարությամբ։ Ունենալու է երկու կողմից մոտեցնող ճանապարհեր՝ Հայաստանի կողմից դեպի Վրաստան մոտ երկու տոկոս թեքությամբ։ Կամուրջի մեջտեղով անցնում է Դեբետ գետը, որը հանդիսանում է Հայաստանի և Վրաստանի սահմանը։ Շինարարության գումարը կազմում է 7 միլիոն 300 հազար եվրո։ Շինարարությունը նախատեսված է ավարտել 2022 թվականի մայիսին»,- ասաց Մուրադյանը։

  • Կիսվել: