շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«Սա պետության հարց է, ապրանքները կթանկանան». Բեռնատարների վարորդները կրկին կառավարության մոտ են

«Սա պետության հարց է, ապրանքները կթանկանան». Բեռնատարների վարորդները կրկին կառավարության մոտ են

Վարորդները կրկին հավաքվել են կառավարության մոտ։ Վարորդները բողոքում են ՌԴ օրենսդրական նոր կարգավորումից՝ Ֆեդերալ օրենքի 115-րդ հոդվածի կարգավորումից, որով սեպտեմբերի 10–ից ՌԴ-ում խստացվել է կանոնակարգը, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են ՌԴ-ում գտնվել մինչև 90 օր։ Ըստ վարորդների, այդ կետը չպետք է վերաբերվի բեռնափոխադրում և ուղևորներ փոխաադրող վարորդներին։

Վարորդները պահանջում են հասնել այնպիսի փոփոխության, որ 90 օրը դառնա 180 օր, քանի որ լինում են դեպքեր, երբ այդ ժամկետում չեն հասցնում։ Դրա հետևանքով վարորդները տուգանվում են, շատ դեպքերում էլ զրկվում այլ երկիր մուտք գործելու հնարավորությունից։

Վարորդներից մեկը լրագրողներին ասաց, որ 5 տարով  ՌԴ մուտքի արգելք ունի, քանի որ 90 օրվա փոխարեն 93 օր է եղել ՌԴ տարածքում։

Նա նշեց, որ նախորդ ակցիաներից հետո որևէ դրական փոփոխություն չի գրանցվել։

«Ոչ զանգել են, ոչ էլ որևէ բան ասել։ Բայց մենք ԵԱՏՄ-ից տեղեկություն ունենք, որ Միջին Ասիայի բեռնատարների վարորդների դեպքում այս օրենքը կասեցվել է»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա նշեց, որ նախորդ անգամ իրենց մտեցեցել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը. «Ի՞նչ ասաց, որ բավարավեինք։ Ասաց՝ բարձր մակարդակով զբաղվում են։ Ես էլ կարող եմ նման բան ասել՝ զբաղվում ենք»։

Վարորդը նշեց, որ հնարավոր է ճանապարհ կփակեն. «2018 թվականից հետո ինչպես տեսնում ենք, այդպես են հարցերը լուծում»։ 

Մեկ այլ վարորդ նշեց, որ այս գործին խելքը գլխին մարդ է պետք. «Սա պետության հարց է։ Եթե պետության համար չաշխատենք, չգնանք ցորեն ու այլ ապրանքներ բերենք, մեր պետությունը սոված կման։ Եթե մտածում են ռուսը բերի, վրացին բերի... Ինչո՞ւ բերի վրացին, ռուսը, ոչ թե հայը»։ 

Վարորդներից մյուսը նշեց, որ եթե խնդիրը չլուծվի ու հայ վարորդը չկարողանան գնալ, վատ հետևանքներ կունենա. «Դիմացը նոր տարի է. ապրանքներ չեն ներկրվի, ապրանքները թանկանալու են, ազդելու է դա բոլոր մարդկանց վրա»։ 

Վարորդները համոզված են, որ կառավարությունը կարող է լուծել այս խնդիր ԵԱՏՄ մյուս երկրների նման։ 

  • Կիսվել: