շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ս. Սարգսի տոնակատարություններն Արարատյան Հայրապետական թեմում

Ս. Սարգսի տոնակատարություններն Արարատյան Հայրապետական թեմում

Փետրվարի 8-ին Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնն է:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ այդ օրը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Արդեն 14 տարի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու նախաձեռնությամբ Ս. Սարգսի տոնի առթիվ հոգևոր արարողություններին զուգահեռ իրականացվում են երիտասարդներին ուղղված բազմաթիվ ծրագրեր՝ սիրո տոնը լցնելով հայկական երանգներով ու տրամադրությամբ: Առանձնահատուկ կարևորվում են Հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված ծրագրերը:

Նավասարդ Սրբազանի տնօրինությամբ այդ օրը թեմի երեք՝ Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիները (Առաջնորդանիստ, Նոր Նորքի և Արգավանդի) բաց կլինեն մինչև երեկոյան ժամը 22:00-ը: Այս տարի տոնական միջոցառումների շարքում ընդգրկված են հետևյալ ծրագրերը.

Փետրվարի 7

11:30 – «Թե կան դասեր, կա նաև սեր». երիտասարդների տոն Հովհ. Թումանյանի թանգարանում

Երիտասարդական ակումբների դաշնությունը, Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը Հովհ. Թումանյանի անվան թանգարանում երիտասարդների համար գեղեցիկ միջոցառում են կազմակերպում՝ մեծ երախտավորի առաջին բանաստեղծությունից վերցված գեղեցիկ տողերի կարգախոսով: Ի դեպ՝ այդ օրը սեր խոստովանող և այդ սերն ընդունող զույգերի համար անակնկալներ են նախատեսված:

15:00-20:00- «Իմ գաղտնի Գրքասեր. Սիրո խոստովանություն գրքով»:

«Բուկինիստ» գրախանութների ցանցը և Արարատյան Հայրապետական թեմը սիրահարների տոնի առթիվ ներկայացնում են «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. սիրո խոստովանություն գրքով» միջոցառում-ակցիան: Փետրվարի 7-ին՝ ժամը 15:00-ին, «Բուկինիստի» Աբովյան մասնաճյուղում (Աբովյան 2/5) կմեկնարկի «Իմ գաղտնի գրքասեր» ծրագրի մասնակիցների գրքերի հանձնումը: Չբացահայտելով նվիրողի անձը՝ միջոցառմանը հրավիրվելու են բոլոր նրանք, ովքեր նվերներ ունեն իրենց գաղտնի գրքասերներից:

Սիրառատ ու գրքառատ երեկոյի ընթացքում տոնի հոգևոր խորհուրդը կներկայացնի Տեր Եսայի քահանա Արթենյանը, «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. սիրո խոստովանություն գրքով» նախաձեռնության մասին կխոսի «Բուկինիստ» գրախանութների տնօրեն Խաչիկ Վարդանյանը:

16:00- Նախատոնական համերգ

ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակում Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մշակույթի բաժնի նախաձեռնությամբ կկազմակերպվի նախատոնական համերգ՝ նվիրված Ս. Սարգսի տոնին: Ելույթ կունենա «Վերադարձ» երգի-պարի ազգագրական խումբը: Եկեղեցի այցելած երիտասարդներին կբաժանվեն աղաբլիթներ:

16:30- Միջոցառում Հայաստանի ազգային գրադարանում

Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքի մեծ դահլիճում ելույթ կունենան Նոր Նորքի Հայորդաց տան սաները: Տոների խորհուրդը կներկայացնի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու Տեր Նորայր Ավագ քահանա Բաղդասարյանը, պահպանված ու մոռացված ժողովրդական ավանդույթների, սովորությունների մասին կպատմի բանասեր, բանահավաք Գոհար Գոգոլյանը:

Փոքր ցուցասրահում կբացվի տոներին վերաբերող գրականության ցուցադրություն:

16:30- Զրույց Սուրբ Սարգսի մասին:

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ՝ «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամում, արդեն ավանդույթ դարձած բանախոսությունների շրջանակում Մետաքսի Ճանապարհ Հյուրանոցի դահլիճում կզրուցենք Ս. Սարգիս զորավարի մասին: Այս անգամ զրուցելու ենք համաքրիստոնեական սրբերի շարքին դասված սուրբ զորավարի քաջության մասին: Զրույցը կվարի ԱՀԹ տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:  Դասախոսության ավարտին բոլոր ներկաներին կբաժանվեն աղի բլիթներ:

17:00-19:00- Հսկման ժամերգություն

Արարատյան  Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում տեղի կունենա հսկման ժամերգություն, այցելու երիտասարդներին կբաժանվեն աղաբլիթներ: Կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:

19:00- Երիտասարդական երեկո Լոֆթում. տոնում են Ս. Սարգսի տոնը

Լոֆթի և «Կէան» կրթամշակութային կենտրոնի համագործակցությամբ Երևանի ամենաերիտսարդական անկյունում կներկայացվեն Սուրբ Սարգսի տոնի ազգագրական ծեսերն ու խորհուրդը: Մասնակիցների համար ազգագրական խաղ կկազմակերպվի, իսկ խոհանոցում փոխինձ ու աղի բլիթ կպատրաստեն:

Փետրվարի 8-ին

Երիտասարդների օրհնության կարգ կկատարվի բոլոր եկեղեցիներում

9:30-ին Ավետարանը կբերվի եկեղեցի:

Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանից 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը կբերվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի, Ս. Պատարագի ողջ ընթացքում կլինի Ս. Խորանի վրա: Ավետարանը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը: 

10:00-ին Ս. Սարգսի աջը կբերվի եկեղեցի:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Ս. Սարգսի աջը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Հավարտ Ս. Պատարագի Սրբազան հայրը սուրբ մասունքով կօրհնի հավատավոր ժողովրդին ու զինվորներին: Ս. Աջը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:

11:00- Տոնական Ս. Պատարագ՝ նվիրված Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակին:

Տոնի առթիվ Ս. Պատարագ է մատուցվելու Ս. Սարգսի անունը կրող ԱՀԹ-ի չորս՝ առաջնորդանիստ, Նոր Նորքի, Արգավանդի, Ոստանի (խոնարհված) եկեղեցիներում: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում այն կմատուցվի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

14:30- Խաչերթ:

Արդեն ձևավորված ավանդույթով Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդների նախաձեռնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոց և Բաղրամյան պողոտաներով հազարավոր երիտասարդներ, եկեղեցական համայնքների անդամներ, զինվորականներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, բուհերի ուսանողներ և բոլոր ցանկացողները միասնաբար կմասնակցեն խաչերթին:

14:30 - «Ս. Սարգիս» ցուցահանդես- մրցույթ:

Հայաստանի նկարիչների տանը (Աբովյան 16) կբացվի Ս. Սարգսի տոնին նվիրված հանրապետական երիտասարդական 7-րդ ցուցահանդես-մրցույթը: Կազմակերպիչներն են Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների միությունը և Հայաստանի նկարիչների միությունը: Մրցույթի համար սահմանվել է չորս անվանակարգ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ: Մրցույթին մասնակցում են մինչև 35 տարեկան նկարիչները: Լավագույն աշխատանքները կարժանանան դրամական պարգևների:

15:30- Տոնական համերգ Սիրահարների  այգում:

Սիրով հրավիրում ենք ձեզ Սուրբ Սարգսի տոնի առթիվ հատուկ ձեզ համար կազմակերպված տոնական մեծ համերգին: Ելույթ կունենան սիրված երգիչներ Մարտին Մկրտչյանը, Մրոն, Սիլվա Հակոբյանը, Աննա Խաչատրյանը, Ալլա Լեւոնյանը, Ռուբեն Սասունցին ու Վարդան Բադալյանը։ Համերգի երկրորդ մասը ազգային երգուպարով մեծ տոնախմբության կվերածի «Մասունք» ավանդական երգի պարի համույթը։

Զինվորների օրհնության կարգ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ:

Պարգևատրում: Այս տարի հինգերորդ անգամ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կպարգևատրի վերջին շրջանում սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած 20 զինծառայողների: Սա երախտիքի դրսևորում է մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին:  Նրանց ցուցակը տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

12.30. Խաչերթ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից դեպի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի: Ռազմական ինստիտուտի թմբկահարների ուղեկցությամբ՝ խաչերթին կմասնակցեն եկեղեցու համայնքի անդամները, ռազմական ինստիտուտի սաները: Եկեղեցու բակում կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Ավարտին տեղի կունանա համերգ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նոր Նորքի Հայորդաց տան գեղ. խմբերի մասնակցությամբ: Նվերներ կբաժանվեն նախորդ տարվա ընթացքում Նորքի Ս. Սարգիս եկեղեցում մկրտված, նշանադրված, պսակադրված Սարգիս անունով երիտասարդներին:

  • Կիսվել: