հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուսաստանից արտաքսված քաղաքացիներից 4-ը գիշերել են «Զվարթնոցում»․ ավիաընկերությունը խոստանում է հայտարարություն տարածել

Ռուսաստանից արտաքսված քաղաքացիներից 4-ը գիշերել են «Զվարթնոցում»․ ավիաընկերությունը խոստանում է հայտարարություն տարածել

Երեկ Ռուսաստանից Հայաստան ուղարկված յոթ քաղաքացիներից չորսը գիշերել են «Զվարթնոց» օդանավակայանում: Նրանք շարունակում են պնդել, որ այստեղ կմնան այնքան՝ մինչև հարցին որևէ լուծում տրվի, գրում է armtimes.com-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին՝ դեպի Ռուսաստան չվերթները վերականգնելուց հետո, Հայաստանից մեկնած մի խումբ քաղաքացիներ երեք օր անց հետ էին ուղարկվել։ Հասնելով «Շերեմետեւո» օդանավակայան՝ նրանց թույլ չէին տվել դուրս գալ օդանավակայանի տարածքից՝ պատճառաբանելով, որ չունեն կորոնավիրուսային հիվանդության բացակայությունը հավաստող թեստի անհրաժեշտ պատասխանը, իսկ այն թղթային տարբերակը, որը ներկայացվում է, ընդունելի տարբերակը չէ։

Հայաստան վերադարձած քաղաքացիները կայքի հետ զրույցում պատմեցին, որ իրենք հունվարի 31-ին՝ մեկնելուց առաջ, թեստավորվել են «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող «Աստղիկ» լաբորատորիայում: Թռիչքից առաջ անցակետում ստուգելով իրենց կորոնավիրուսային թեստի պատասխանի QR կոդը՝ թույլատրել են մեկնել: Հասնելով «Շերեմետեւվո» օդանավակայան, սակայն, քաղաքացիները անակնկալի են եկել:

««Զվարթնոց» օդանավակայանի ռեգիստրում վերցրին մեր թղթերը, հեռախոսները, իբր անցկացրին, էլի, կոդը, հետո ասացին՝ անցեք: Բայց հասանք «Շերեմետեւո» օդանավակայան, ստուգեցին թուղթը, մեր անունները գրեցին համակարգչում, էդ կոդն էլ իրենք անցկացրին, շրջվեցին մեզ ասացին՝ вас лоханули, սա կեղծ թուղթ է, ռեգիստրացիան դուք ո՞նց եք անցել, որ հասել եք էստեղ: Մենք էլ մնացինք սառած կանգնած: Չեմ հասկանում, եթե թուղթը սխալ էր, մեզ էստեղ ոնց անցակացրին, որ գնանք»,- ասաց Իջևան քաղաքի բնակիչ Արտուշ Ղուկասյանը:

Մանրամասնեց, որ երեք օր քաղցած մնացել են «Շերեմետեւոյում», մի կերպ ազատվել են ձերբակալությունից: Հետո ոստիկաններ են մոտեցել եւ ասել՝ ձեզ արտաքսում ենք Հայաստան:

«Երեք օր մնացինք էնտեղ, հաց չէին տալիս, միայն ջուր: Լավ էր հայ աղջիկ կար. խանութի աշխատողն էր, նրան թույլ էին տալիս մտնել մեզ մոտ, ինքն էլ մեզ հաց էր բերում: Հետո ոստիկանապետը եկավ, ուզում էին մեզ դատի տային, որ կեղծ փաստաթղթով փորձում ենք ՌԴ-ի տարածքը հատենք: Մի կերպ բացատրեցինք, որ մենք մեղավոր չենք, համոզեցինք, իրենք էլ մտան մեր դրության մեջ, ասացին՝ ամսի երեքին՝ առավոտը, թռիչք ունենք, ձեզ հետ կուղարկենք, բայց դեպորտ ենք անում»,- հավելեց Արտուշ Ղուկասյանը:

Վերադառնալով Հայաստան՝ քաղաքացիները հենց օդանավակայանում իրենց խնդրի մասին տեղեկացրել են այն լաբորատորիայում, որտեղ թեստավորվել են։ Այնտեղից պատասխանել են՝ եթե լաբորատորիայի թուղթը կեղծ է եղել, ինչպես են թույլատրել նրանց մեկնել:

«Ասացին՝ խնդիրը մեզ հետ չի, ռեգիստրացիան եթե այդ թղթով անցել եք, իրենց խնդիրն է։ Մեր գումարները հետ վերադարձրին, հիմա մնացել է ավիաընկերությունը, բայց էնտեղից էլ ասում են՝ մենք մեղավոր չենք, որտեղ ուզում եք դիմեք»,- պարզաբանեց վերադարձած քաղաքացիներից Եգորը:

Իսկ այս դեպքում ինչպե՞ս են քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել ՌԴ։ Օդանավակայանի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց՝ քաղաքացիները մեկնել են, քանի որ ավիաընկերությունը գրավոր ներկայացրել է, որ նրանք ունեն իրավունք մեկնելու։ «Սա արդեն ավիաընկերության խնդիրն է, ես երեկ փորձել եմ իրենց հետ անձամբ կապ հաստատել, բայց հնարավոր չեղավ»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակին» հաջողվեց կապ հաստատել տվյալ չվերթն իրականացրած «Նորդվինդ» ավիաընկերության հետ։ Այստեղից մեզ պատասխանեցին՝ դեպքի մանրամասները ճշտվում են, այսօրվա ընթացքում ավիաընկերությունը հայտարարություն կտարածի:

Ինչ վերաբերում է «Աստղիկ» լաբորատորիային, այստեղից հրաժարվեցին մեկնաբանություն տալ։ Նկատենք, որ Ռուսաստանից արտաքսված եւ «Զվարթնոցում» գիշերող քաղաքացիները մեզ հետ զրույցում վստահեցնում էին, որ հունվարի 31-ին թեստը հանձնելիս իրենք տեղեկացրել են, որ դա Ռուսաստան մեկնելու նպատակով է։

Հավելվածի մասին առողջապահության նախարարությունը հայտարարել էր հունվարի 27-ին՝ տեղեկացնելով, որ ծրագիրը գործարկվելու է փետրվարի մեկին: Այդ ժամանակ ծրագրում ու հետեւաբար նաեւ հավելվածում ներառված էին միայն «Ցիտո» և «Նորմեդ» բժշկական կենտրոնների ՊՇՌ լաբորատորիաները: «Աստղիկ» լաբորատորիան ծրագրում ընդգրկվել էր ավելի ուշ՝ փետրվարի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ: Այսինքն՝ հունվարի 31-ին նրանք դեռ իրավունք չէին ստացել Ռուսաստան մեկնել պատրաստվող ուղեւորների թեստավորում իրականացնել։

Անդրադառնալով Ռուսաստանից արտաքսված քաղաքացիներին՝ նրանք նշում էին, որ մեկնում էին արտագնա աշխատանքի։ Մասնակցել են Արցախյան երկրորդ պատերազմին: 2020 թվականի դեկտեմբերի 15-ին զորացրվել են: Վերադարձել տուն և վարկ վերցրել՝ տոմս գնելու համար: Շեշտում էին՝ «մենք գնում ենք աշխատանքի, չենք գնում վերջնական մնանք Ռուսաստանում: Էս հողի համար կռվել ենք, պետք լինի՝ էլի կկռվենք, հիմա ուզում ենք գնանք աշխատենք»:

«Իմ տղան Մարտունիում հիմա ծառայում է, ես ոնց կարող եմ թողնեմ իրեն Արցախում, փախչեմ Հայաստանից: Էս խնդիրները վերջանան, ամեն ինչ կարգավորվի, տեսնենք՝ մեր հարցով ո՞վ կզբաղվի, գնամ աշխատեմ հետ վերադառնամ»,- եզրափակեց Արտուշ Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի մեկից մինչև մարտի մեկն իրականացվում է պիլոտային ծրագիր․ Հայաստանից դեպի Ռուսաստան իրականացվում են չվերթներ, որից կարող են օգտվել միայն այն քաղաքացիները, որոնք սմարթֆոնների միջոցով կներբեռնեն «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» հավելվածը և սահմանված կարգով կհանձնեն կորոնավիրուսի թեստ և կունենան հետազոտության բացասական պատասխան։

  • Կիսվել: