կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսական կայսրության հայազգի «Սրտի դիկտատորը». Նա Կարսը գրավել էր՝ արհամարհելով վերին հրամանը…

Ռուսական կայսրության հայազգի «Սրտի դիկտատորը». Նա Կարսը գրավել էր՝ արհամարհելով վերին հրամանը…

Լորիս Մելիքովները հայ ազնվականական տոհմ են, հիշատակվում են 16-րդ դարից՝ որպես Լոռի քաղաքի եւ նույնանուն գավառի մելիքներ:

Նրանց տոհմական ազգանունը ծագել է վրացերեն Լոռիս Մելիքովներ, այսինքն՝ Լոռու Մելիքյաններ անունից: 16-րդ դարի սկզբին նրանց մելիքական իրավունքը հաստատել է շահ Աբաս Առաջինը: 1801-ից՝ Վրաստանը Ռուսաստանին միանալուց հետո, անցել են ծառայության ցարական բանակում, իսկ1832-ին հաստատվել որպես ռուսական ազնվականներ:
 
Միքայել Լորիս-Մելիքովն այս տոհմի ամենաականավոր ներկայացուցիչն է, որի տիտղոսների թվարկումն անգամ պատկառազդու է. ցարական Ռուսաստանի պետական եւ ռազմական հռչակավոր գործիչ, կոմս, ռուսական բանակի հեծելազորի գեներալ, գեներալ-համհարզ, Կովկասի փոխարքայի պաշտոնակատար, Ռուսաստանի վարչապետ-դիկտատոր, ներքին գործերի նախարար, Ռուսաստանի գիտությունների կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի բարձրագույն՝ Սուրբ Անդրեյ Նախավկայի շքանշանակիր…
 
Այն ժամանակների հայաշունչ Թիֆլիսում ճանաչում ու մեծ հարգանք վայելող ազնվական Տարիել Մելիքովի ընտանիքում է ծնվել մեծանուն այս հայը: Սովորել է Ներսիսյան դպրոցում, ապա Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում՝ նախ Արեւելյան լեզուների Լազարյան ինստիտուտում, այնուհետեւ՝ հեծելազորի յունկերների դպրոցում: 1840-ականներին մասնակցել է Շամիլի գլխավորությամբ պայքարի ելած Կովկասի լեռնականների դեմ ռազմական գործողություններին: 1853-1856 թթ.՝ Ղրիմի կամ Արեւելյան պատերազմում, որպես առաջապահ հեծելազորի հրամանատար, աչքի է ընկել թուրքերի դեմ Կարսի, Բայանդուրի մարտերում, ստացել գեներալ-մայորի աստիճան:
 
1877-78 թթ. հայազգի զորավարը նշանակվում է 52 հազարանոց Կովկասյան առանձին կորպուսի հրամանատար եւ ղեկավարում ռազմական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում, գլխավորում է Արդահանի գրոհը եւ գրավում այն, Ալաջայի բարձունքներում ջախջախում է Մուխթար փաշայի զորքը, նվաճում հայոց հայրենի Կարսը ու անցնում Էրզրումի պաշարման: Այս գործողությունների համար նրան շնորհվում է կոմսի տիտղոս, իսկ Ալաջայում ցուցաբերած քաջության համար արժանանում 2-րդ աստիճանի սուրբ Գեւորգի շքանշանի:
 
Իսկ նոր նշանակումները դեռ առջեւում էին. 1879-ին՝ Աստրախանի, Սարատովի, Սամարայի եւ Խարկովի ժամանակավոր գեներալ-նահանգապետ, մեկ տարի անց՝ Գերագույն կարգադրիչ հանձնաժողովի նախագահ՝ դիկտատորական լիազորություններով: Այստեղ նա իրեն դրսեւորում է որպես սահմանադրական բարեփոխումների իմաստուն պաշտպան եւ պետական ղեկավար՝ արժանանալով «Սրտի դիկտատոր» տիտղոսին: Հանձնաժողովը կոչված էր երկիրը դուրս բերել քաղաքական խռովությունների ներքին ոլորապտույտից. չէ՞ որ անհաջող մահափորձ էր կատարվել ցարի դեմ: Լորիս Մելիքովն այդ ուղղությամբ ցուցաբերում է վարչարարական մեծ տաղանդ: Նա Ալեքսանդր Երկրորդին է ներկայացնում վարչական եւ տնտեսական բարեփոխումների սահմանադրական ընդարձակ ծրագիր: Ռուսաց կայսրն ընդունում է հայ զորավարի առաջարկները: Այդուհետ նրան նշանակում է ներքին գործերի նախարար՝ բացառիկ իշխանությամբ, այս կերպ, փաստորեն, հայազգի կոմսին վերապահելով երկրի վարչապետի բարձրագույն պաշտոնը: Սակայն ճիշտ այդ օրը՝ 1881-ի մարտի 13-ին, երբ ցարն ստորագրում է Լորիս Մելիքովի առաջադրած բարեփոխուների հաստատման մասին հրամանագիրը, հեղափոխական ահաբեկիչները երկրորդ մահափորձն են կատարում ցարի դեմ եւ այս անգամ արդեն հաջողում նրա սպանությունը: Ռուսիո նոր գահակալը՝ Ալեքսանդր Երրորդը, բուռն ու անողոք պայքար է սկսում հեղափոխականների դեմ՝ ձեռնարկելով ուժային բիրտ քայլեր. նա մերժում եւ դեն է շպրտում իր նախորդի հաստատած սահմանադրական բարեփոխումների ծրագիրը: Ամիսներ անց Ռուսաց կայսրությանն այնքա՜ն ծառայություններ մատուցած գեներալը հրաժարական է ներկայացնում նախարարական բարձրակարգ իր պաշտոնից եւ մեկնում արտասահման: Որոշ ժամանակ ապրում է Գերմանիայում, այնտեղից անցնում Ֆրանսիա եւ հաստատվում Նիցցա քաղաքում մինչեւ իր օրերի վախճանը՝ 13 դեկտեմբերի 1888 թվական:
 
Պատմաբանների համոզմամբ՝ ցարական Ռուսաստանի եւ ամբողջ Եվրոպայի պատմական ընթացքը կարող էր բոլորովին այլ հունով զարգանալ, եթե գործադրվեին հայազգի պետական գործչի սահմանադրական-բարեկարգչական առաջարկները, շնորհիվ որոնց Ռուսաստանը կարող էր դուրս գալ վայրագ ու փտած միապետության ճիրաններից:
 
Մեծանուն հայ գեներալի ռազմական տաղանդը բարձր է գնահատվել, մեծարվել ամենաբարձր խոսքերով: Ահա. «Ակամայից ուզում ես համեմատություն անել. ռուս զինվորները՝ ռուս հրամանատարների գլխավորությամբ, ռուսական հողում պարտվում են, մինչդեռ հայ զորահրամանատարների հրամանատարությամբ կռվող ռուս զինվորները, հայ կամավորականների օժանդակությամբ, հայոց հողում ջախջախիչ հաղթանակներ են տանում…»:
 
Հայ ժողովրդի հանճարը  պատմության մեջ խոր արմատներ ունեցող հռչակ ունի: Մեծ է հայազգի այն տաղանդների թիվը, ովքեր ծառայել են օտարներին, աշխարհով մեկ ճանաչվել իբրեւ մեծություններ: Նրանցից շատերը մոռացության են մատնել իրենց ազգային պատկանելությունն ու ծագումը, ազգային պարտավորությունները: Սակայն անարդար կլինի Լորիս Մելիքովին դասել նմանների շարքը. նա հնարավորինս հետամուտ է եղել հայկական հարցին, կյանքի վերջին տարիներին Նիցցայում հաճախ է հանդիպել Նուպար փաշային, նրա հետ ծանրութեթեւ արել ազգային խնդիրները, մտմտացել ազգաշահ նպատակներ ու ծրագրեր: Հավելենք, որ ռուսական կայսրության կոմսը Կարսը գրավել էր՝ արհամարհելով այդ գործողությանը չդիմելու վերին հրամանը…
 
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

  • Կիսվել: