երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ռուսաց լեզվի՝ 80-ից ավելի ուսուցիչ մասնակցել է վերապատրաստման դասընթացի

Ռուսաց լեզվի՝ 80-ից ավելի ուսուցիչ մասնակցել է վերապատրաստման դասընթացի

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ  անցկացվել են ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։  Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնի տարածած հաղորդագրությունից, կազմակերպած խորացված դասընթացներին մասնակցել են ռուսաց լեզվի և գրականության ավելի քան 80 ուսուցիչներ՝ Երևանից և մարզերից։  

Համաձայն ՀՀ կառավարության ընդունած «Ընդհանուր կրթության մասին» օրենքի՝ հինգ տարին մեկ հանրապետության ուսուցիչները պետք է անցնեն պարտադիր վերապատրաստում և ստանան անհրաժեշտ կրեդիտներ։ Չափորոշիչները և ծրագիրը հաստատում է ԿԳՄՍ նախարարությունը։

«Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը զգալի ներդրում ունի Հայաստանում ռուսաց լեզվի կրթության տարածման և զարգացման գործում։ Ի վերջո, երեխաների հետ աշխատելիս շատ կարևոր է ժամանակին համընթաց քայլել, տեղյակ լինել մանկավարժական և մեթոդական բոլոր նորամուծություններին»,- ասել է ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Ինեսա Սարգսյանը։

«Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի խոսքով՝ Կենտրոնը հաճախ է անցկացնում վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ ինչպես այն ուսուցիչների համար, որոնք դասավանդում են «Դոմ Մոսկվի» կենտրոնի կազմակերպված ռուսաց լեզվի անվճար դասընթացները, այնպես էլ հանրակրթական դպրոցների ուսուցիչների և բուհերի դասախոսների համար:

«Այս հարցում մեզ աջակցում են ԿԳՄՍ նախարարությունն ու Ռուսաստանի կրթական հաստատությունների մեր գործընկերները։ Հուսով ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք նպաստել Հայաստանում ոչ միայն ռուսերեն մակարդակի բարձրացմանը, այլև կրթության ոլորտում մեր երկրների միջև համագործակցության զարգացմանը»,- նշել է նա։

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի «Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագիր»-ը մշակվել է «Ալֆա Դիալոգ» մասնագիտական կրթության կենտրոնի և «Русский мир» հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագիրը բաղկացած է երկու դասընթացից՝ «Առարկայի դասավանդման մեթոդիկա» և «Հետազոտական աշխատանքի վարման սկզբունքներ» թեմաներից, որոնք ընտրվել են ԿԳՄՍ նախարարության ցանկից։

Դասընթացները վարել են ոլորտի առաջատար մասնագետները՝ մանկավարժական գիտությունների դոկտոր, Ոուսաստանի Գերցենի անվ․ պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ոլորտում կրթական տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի «Ալֆա Դիալոգ» լրացուցիչ մասնագիտական կրթության կենտրոնի տնօրեն Ելենա Յադրովսկայայի գլխավարությամբ։

«Աշխատանքային այս ինտենսիվ շաբաթը մեզ համար որոշակի դպրոց է դարձել։ Նորովի բացահայտեցինք Հայաստանն ու նրա հնագույն մշակույթը, սովորեցինք և մեր ուսուցիչների հետ մշակեցինք նոր մեթոդներ և տեխնիկա։ Հայաստանը կարող է հպարտանալ նման խելացի, կարդացած ու պրոֆեսիոնալ ուսուցիչներով: Շնորհակալ եմ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնին այս հիանալի վերապատրաստման ծրագիրը կազմակերպելու համար»,-  նշել է Ելենա Յադրովսկայան։

Երևանի թիվ 53 դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Հռիփսիմե Հարությունյանն էլ ընդգծել է, որ նոր մեթոդոլոգիա, աշխատանքային նրբություններ են սովորել առաջին ձեռքից: նա համոզված է, որ նոր գիտելիքները կկարողանան օգտագործել աշակերտների հետ հետագա աշխատանքում։

Ծրագրի արդյունքում ուսուցիչները հանձնել են եզրափակիչ թեսթավորում և ստացել են 5 կրեդիտ, ինչպես նաև մասնակցության վկայականներ։

  • Կիսվել: