շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՌԴ-ն խստացնում է միգրացիոն քաղաքականությունը. ՀՀ-ից 61 հազար քաղաքացու մուտքը համարվել է անօրինական

ՌԴ-ն խստացնում է միգրացիոն քաղաքականությունը. ՀՀ-ից 61 հազար քաղաքացու մուտքը համարվել է անօրինական

Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանը խստացնում է միգրացիոն օրենսդրությունը: Հայաստանի միգրացիոն ծառայության հանրայիկ կապերի պետ Նելլի Դավթյանն ասուլիսում այսօր տեղեկացրեց, որ ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգված ևս առնչվելու է այս խստացումներին: Մասնավորապես, ՀՀ-ից 61 հազար միգրանտների մուտքը համարվել է անօրինական։

«Նախազգուշացվել է, որ ՌԴ-ն պատրաստում է սանկցիաներ, որ պետք է կիրառվեն այս թիրախային խմբի նկատմամբ: Հորդորում են, որպեսզի մինչև հունիսի 15-ը երկրի տարածքը լքեն անօրինական միգրանտի կարգավիճակում գտնվող քաղաքացիները»,- ասաց նա։

Ավելի վաղ InfoPort.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի ՆԳՆ-ն պահանջում է, որ ԱՊՀ երկրները մինչ հունիսի 15-ը հետ կանչեն իրենց բոլոր անօրինական արտագաղթյալներին, որոնց թիվն արդեն հատում է մեկ միլիոնը,- հայտարարել է ՌԴ ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը։

ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի նիստում Գորովոյը ցուցադրել էր վիճակագրության սլայդ:

«Ձեր քաղաքացիների թվաքանակը, որոնք ներկայումս գտնվում են իմ երկրի տարածքում` անօրինական է»,- ասել է Գորովոյը: Այսպես. ըստ նախարարության, ներգաղթյալների մեծ մասը Ուզբեկստանից են՝ 332 հազար, այնուհետև Տաջիկստանն է (247 հազար), Ուկրաինան (152 հազար), Ադրբեջանը (120 հազար), Ղրղզստանը (115 հազար), Հայաստանը (61 հազար), Մոլդովան (56 հզ.) և Ղազախստանը (49 հզ.): Մինչև հունիսի 15-ը այդ անձինք կարող են իրենք լքել Ռուսաստանը և ոչ մի պատիժ չստանալ: 15-ից հետո նրանք չեն կարողանա անհետևանք դուրս գալ ստվերից,- զգուշացրել էր ՆԳ նախարարությունը:

Նշենք, որ Պետական դուման քննարկում է միգրացիոն խստացումների մեկ այլ փաթեթ, որոնք առաջարկում են, օրինակ, որ եթե նախկինում քաղաքացիները ՌԴ-ում կարող էին 180 օրվա ընթացքում Ռուսաստանում գտնվել 90 օր, ապա այժմ նույնքան՝ 90 օր կարող են գտնվել մեկ ողջ տարվա ընթացքում։ Իսկ առանց գրանցման անձը կարող է Ռուսաստանում մնալ 30 օր, ավելի ժ-ամկետով մնալու համար նրա գրանցումը պարտադիր կդառնա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: